Նախագահական նստավայրում նախօրեին տեղի ունեցած կոալիցիայի ընդլայնված նիստում քննարկվել են կոալիցիայի նախընտրական մարտավարությանն առնչվող հարցեր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Երբ փորձեցինք հանդիպման մանրամասներ ճշտել, նա նշեց. «Նախընտրական շրջանին բնորոշ հարցեր են քննարկվել: Ասացի այն, ինչ կարող եմ ասել: Ավելացնելու ոչինչ չունեմ»:
Հարցին՝ հավաստի՞ են տեղեկությունները, որ առաջիկայում կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների հանդիպումներն ավելի հաճախակի են դառնալու, Հեղինե Բիշարյանն ասաց. «Կարծում եմ: Ես չեմ կարող ասել՝ հաճախակի կլինեն, թե ոչ, բայց տրամաբանությունը թույլ է տալիս հասկանալու, որ աշխատանքը պետք է շարունակվի մինչև ընտրություններ»:
Նշենք, որ ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ օրերս նախագահական նստավայրում կոալիցիայի ընդլայնված նիստ է տեղի ունեցել: ՀՀԿ-ից հանդիպմանը մասնակցել են Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ-ից՝ Գագիկ Ծառուկյանն ու Վարդան Վարդանյանը, իսկ ՕԵԿ-ից՝ Արթուր Բաղդասարյան ու Հեղինե Բիշարյանը:










































