Սիրիայում, վերջին տվյալներով, երկու օրում անվտանգության ուժերի կողմից սպանվել են Բաշար Ալ-Ասադի վարչակազմի դեմ բողոքող մոտ 120 ակտիվիստներ: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնում են Սիրիայում Արաբական պետությունների լիգայի դիտորդները, վերջին շաբաթվա ընթացքում երկրում զգալիորեն աճել են բռնությունները, հատկապես Հոմս և Համա քաղաքներում, ինչպես նաև Իդլիբ մարզի հյուսիսային շրջաններում:
CNN-ի փոխանցմամբ՝ ուրբաթ Հոմս քաղաքում ընդդիմադիրների և կառավարական զորքերի ընդհարման արդյունքում զոհվածների թվում են երեք երեխա, երեք կին և երեք նախկին զինծառայող, որոնք հեռացել էին բանակից և անցել ընդդիմության շարքերը: Հաղորդվում է տասնյակ վիրավորների մասին: Իրավապաշտպանների տեղեկությունների համաձայն` Դարաա մարզի Նավա գյուղում բանակի ստորաբաժանումները շրջափակել են հուղարկավորության արարողությունը և կրակ բացել: Սպանվել է 11 մարդ:
Իր հերթին Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հաղորդել է, որ մի խումբ զինված ահաբեկիչներ Դամասկոսի և Հոմսի շրջանում հարձակվել են իրավապահ մարմինների աշխատակիցների և խաղաղ բնակիչների վրա: Սպանվածների թվում են տասը տարեկան երեխա և ոստիկանության սպա:
ՄԱԿ-ի ԱԽ-ում ուրբաթ քննարկել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի աջակցությամբ արաբական երկրների կողմից առաջարկված Սիրիայում հակամարտությունը կարգավորելու բանաձևի նախագիծը: Փաստաթղթում Բաշար Ալ-Ասադին կոչ են անում անհապաղ հեռանալ:








































