Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն խորհուրդը ԱՄՆ է ուղարկում պատվիրակություն` երկու երկրների միջև առաջացած ճգնաժամը կարգավորելու համար: Սկանդալը կապված էր Եգիպտոսում գործող մարդասիրական կազմակերպությունների գործունեության հետ: Այս մասին հայտնել Al-Masry Al-Youm պորտալը` վկայակոչելով Խորհրդում ունեցած իր աղբյուրը:
Եգիպտոսի իշանությունների կողմից Միջազգային հանրապետական ինստիտուտը ղեկավարող մի քանի ամերիկացիների` երկրից դուրս գալն արգելելու հետ կապված սկադալը մեծ վրդովմունք էր առաջացրել Վաշինգտոնում:
Եգիպտոսի դատախազության տեղեկությունների համաձայն` ամերիկացիները Եգիպտոսում զբաղվել են ապօրինի ֆինանսական գործունեությամբ: Նրանք մեղադրվում են այն բանում, որ ինստիտուտի անվան տակ Եգիպտոսում հիմնել են ոչ կառավարական կազմակերպություն, սակայն այն չեն գրանցել համապատասխան մարմիններում: ԱՄՆ քաղաքացիները, այդ թվում է նաև ԱՄՆ տրանսպորտի նախարարի որդին` Սեմ Լահուդը, ղեկավարում էին այդ կազմակերպությունը և աշխատավարձ ստանում` դրա մասին չտեղեկացնելով Եգիպտոսի հարկային ծառայություններին: Եգիպտոսի օրենսդրության համաձայն` նմանատիպ խախտման համար նախատեսվում է մինչև 5 տարի ազատազրկում:
ԱՄՆ վարչակազմը Կահիրեից պահանջել է անհապաղ հանել ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժվելու սահմանափակումները: Մինչև վերջերս Վաշինգտոնը Եգիպտոսի Բարձրագույն խորհրդին ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար ներկայացրել էր որոշ պայմաններ. իշխանությունը հանձնել ժողովրդի կողմից ընտրված քաղաքացիական նախագահին, տնտեսական և սոցիալ-քաղաքական բարեփոխումների երաշխիքներ ապահովել, և՝ որ դրանք չհակասեն ԱՄՆ ազգային անվտանգության շահերին: Այս պայմաններին ավելացել է ևս մեկը` Կահիրեն պետք է երկրում աջակցի եգիպտական և օտարերկրյա այլ մարդասիրական գործունեությանը:
Եգիպտոսը հույս ուներ ԱՄՆ-ից լուրջ ֆինանսական օգնություն ստանալ այն բանից հետո, երբ ԱՄՀ-ն Եգիպտոսին կտրմադրեր 2.3 միլիարդ դոլարի չափով վարկ՝ տնտեսական բարեփոխումներ անցկացնելու համար: Բացի այդ, Միջազգային հանրապետական ինստիտուտի սկանդալի պատճառով կասկածի տակ է դրվել պաշտպանության նախարարության գծով ամենամյա ամերիկյան ֆինանսական օգնությունը, որը կազմում է 1.3 միլիարդ դոլար: Այս միջոցներից զատ, ԱՄՆ-ն խոստացել էր 2.5 միլիարդ դոլար տրամադրել Եգիպտոսում արտադրությունը խթանելու համար, սակայն առայժմ չի շտապում խոստացած գումարը փոխանցել:









































