«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակի կապակցությամբ:
Ստորև ներկայացնենք այն.
«20 տարի առաջ` Հայրենիքի արևելքում ընթացող արցախյան հերոսամարտում ազգային շահերն ու հայության անվտանգությունը պաշտպանող հայկական ազատագրական ջոկատները կազմավորվեցին որպես Հայոց ազգային բանակ:
Քարինտակի, ապա մյուս շեների ու եզերքների հաղթական հերոսապատումներով կոփվեց մեր բանակը, որն իր թիկունքում մշտապես զգացել է հայ շինականի, ռամիկի, մտավորականի շունչը և փառավորվել հայ մայրերի օրհնանքով:
Այսօր էլ Հայոց բանակը տարածաշրջանի առավել մարտունակն է, Հայաստանի ու Արցախի հանրապետությունների անվտանգության և համայն հայության հպարտության աղբյուրը: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր հերոսների առջև, ովքեր իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերեցին` մատուցելով ամբողջական և բացառիկ ծառայություն հանուն պետության անվտանգության ու ազգային շահի:
Եվ պետականորեն պատասխանատու ընթացիկ նախընտրական տարում հրամայական է դառնում ազգային-պետական այս կարեւորագույն հանրակարգի ներքաշման բացառումը ներքաղաքական գործընթացներում:
Անհրաժեշտ է նշել, որ տարեցտարի նվազում է մեր բանակում տեղի ունեցող օրինախախտումների թիվը: Սակայն սա չի կարող ինքնահանգստանալու առիթ հանդիսանալ: Քանի դեռ մեր բանակում անկարգապահության կամ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով կարող է խաթարվել թեկուզ մեկ հայ զինվորի առողջությունը կամ, որ վատթարագույնն է, ընդհատվել նրա կյանքը, մենք` բոլոր քաղաքական ուժերը, բանակի բարձրաստիճան պաշտոնյաներն ու կրտսեր հրամանատարները, հասարակությունը և նրա յուրաքանչյուր անդամ պետք է ուշադրության կենտրոնում պահեն բանակի խնդիրները, ամեն ինչ անեն, որպեսզի նման դեպքերն այսուհետ չկրկնվեն, իսկ կրկնվելու դեպքում` բացահայտվեն ու մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը, որպեսզի բանակում, ի վերջո, արմատավորվի յուրաքանչյուր քաղաքացի-զինվորի մարդկային և քաղաքացիական իրավունքները լիակատար կերպով հարգելու մշակույթը: Ահա սրա մեջ է իրական ազգային անվտանգության գրավականը:
«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է համայն հայությանը` Հայոց բանակի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ և մաղթում հզորություն ու խաղաղություն»:









































