Արտաշես Գեղամյանի կուսակից Ալեքսան Կարապետյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է քաղաքաշինության նախարարի տեղակալ: Այս քայլը խորհրդանշում է իշխանության մեջ տեղի ունեցող պրոցեսները, ընդ որում բավական խոսուն, գրեթե բացահայտ ձևով: Ինչպես հայտնի է, Գեղամյանը մեկն էր այն մարգինալացված գործիչներից, որոնք հայտնվեցին 2008 թվականի գծից այն կողմ: Բայց, վերջին շրջանում իշխանությունն ակնհայտորեն փորձեր է անում նրանց հետ բերել գծից այս կողմ:
Խոսակցություններ կան նաև, որ Գեղամյանը կարող է ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում: Ալեքսան Կարապետյանի նշանակումը փոխնախարարի պաշտոնում, ուղղակիորեն վկայում է հենց այդ մասին, այսինքն Գեղամյանը կամաց-կամաց վերադառնում է: Բայց, բնականաբար վերադառնում է առանձնահատուկ առաքելությամբ: Եվ այդ առաքելությունը կարծես թե դրսևորվում է հենց Տիգրան Սարգսյանի որոշմամբ: Բանն այն է, որ Ալեքսան Կարապետյանը, այսինքն Գեղամյանի կուսակիցը, փոխնախարար է նշանակվել քաղաքաշինության ոլորտում, այսինքն մի ոլորտում, որը կոալիցիոն քվոտայով պատկանում է ԲՀԿ-ին:
Իսկ ինչպես հայտնի է, ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի ջրերը մեղմ ասած սկսել են մի առվով չհոսել, կամ հոսել միևնույն առվով, բայց իրար դեմ հանդիման, հոսել հանդիպակած: Պատկերացնելու համար, թե ինչ նրբերանգ կա այդ իրավիճակում, բավական է ընդամենը հիշել, թե կոալիցիոն ինչ ներքին բուռն վեճեր ու քննարկումներ են Հայաստանում ընթացել փոխնաարարների պաշտոնների համար, երբ Հայաստանում ձևավորվել են կոալիցիաներ: Ավելին, նախարարական մակարդակով իշխանությունը կոալիցիոն ուժերը շատ ավելի արագ են կիսել, քան փոխնախարարների մակարդակով:
Բանն այն է, որ զուտ կառավարման համակարգի տրամաբանությամբ, փոխնախարարների պաշտոնները համակարգում հանդիսանում են նախարարի մատույցների կարևորագույն օղակ, երբ փոխնախարարը սկսում է էական դեր կատարել նախարար և իրականություն ճանապարհին: Ավելին, շատ նախարարություններում, իրական գործերն արվում են հենց փոխնախարարների մակարդակում:
Այսպիսով, Հանրապետականը փաստորեն ԲՀԿ քվոտա համարվող ոլորտում նշանակելով Գեղամյանի կուսակցին, փաստացի ինչ որ առումով ականապատում է այդ ոլորտը ԲՀԿ-ի առաջ, ինչը չափազանց կարևոր է թե զուտ աշխատանքային արդյունավետության, թե նաև պարզապես վարչական ռեսուրսի նախընտրական նշանակության տեսանկյունից: Այլ կերպ ասած, կարծես թե ակնհայտ է դառնում, թե հիմնականում ում դեմ է ուղղված լինելու գեղամյանական սեգմենտի վերադարձը «քաղաքականություն»:









































