Դերասան Սերգեյ Դանիելյանը E էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.
վերջերս մի առիթով հիշեցի Ախթալայի դեպքերը: Ցավոտ թեմա է: Հիշեցնեմ: Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատի տնօրեն, գործարար պարոն Տեր-Պողոսյանը պեդոֆիլիայի մի գողտրիկ անկյուն էր ստեղծել Լոռու մարզում: Թանկ նվերների դիմաց կենակցում էր տեղաբնակ դեռատի տղաների հետ, ձեռի հետ էլ բիզնես ու բարեգործություն էր անում: Ինչպես տեսնում եք, բարեգործությունը միշտ շատ խորը արմատներ է ունեցել Հայաստանում: Իսկ երջանիկ ծնողները ուրախանում էին, որ գործարար-բարերարը բնակարան, ավտոմեքենա, կամ մի կլորիկ գումար էր տալիս նրանց: Եվ եթե ինչ-որ մեկը չընդվզեր, ապա այդպես էլ շարունակվելու էր: Հարուստ բիզնեսմեն «դյադյան» այսպես ասած շարունակելու էր փողով «ունենալ» մեր երեխեքին: Մի քիչ կոպիտ, բայց հո ավելի կոպիտ չէի ասի…
Ես չեմ հավատում, որ տասնյակ տուժված երեխաներ երբեք դրա մասին չէին խոսել , չէին պատմել տանը, կամ գոնե ընկերներին: Բնականաբար, որոշ ծնողներ գլխի էին ընկնում, թե իրականում ինչով էր պայմանավորված իրենց երեխաների ու օլիգարխի անառողջ մտերմությունը: Ես պատկերացնում եմ միայն «երջանիկ» ծնողի դեմքը, որը իր հարազար որդու օգտագործած մարմնի, խեղաթյուրված փսիխիկայի դիմաց թանկ նվեր էր ստանում և լռում, աչք էր փակում: Ընկերներս Ախթալայում ներկայացումներ են խաղացել և ինձ շատ բան են պատմել, չեմ ուզում մանրամասնել: Զզվելի է…
Կարելի է միայն մի եզրակացություն անել: Հայաստանի Լոռու մարզի բնակչությունը այնքան է լյումպենացված, որ փողի դիմաց պատրաստ է ամեն ինչի, անգամ կարող է աչք փակել հարազատ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունների վրա: Եթե դա լիներ շարքային այլասերություն, մի բան է, բայց եթե այդ այլանդակությունները ծնվում են մարդկանց դեգրադացիայի և նյութական անկման պատճառով, այ դա արդեն ազգային անվտանգության խնդիր է:
Հիմա հայացք նետենք Թեղուտի անտառները վերացնելու պրոբլեմին: Այստեղ էլ հիշեցնեմ, որ հանքեր որոնելու և շահագործելու նպատակով էլի ինչ-որ օլիգարխ կամ կազմակերպություն որոշել է անտառը վերացնել և գործարան կառուցել: Վերաբերմունքը այդ փաստին միանշանակ չէ: Բնակչության զգալի մասը կողմ է գործարան կառուցելուն, որովհետև կստեղծվեն աշխատատեղեր: Մյուս մասն էլ անտառն է ափսոսում: Հիմա նայենք պրոբլեմին որպես ընդհանուր երևույթ: Ախթալան ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու Թեղուտից: Ուրեմն, ամենևին էլ պետք չէ զարմանալ, որ մարդիկ թքած ունեն ոչնչացող անտառի վրա: Նրանք պարզապես սոված են և անգործ: Լյումպենացված հայ մարդու ուղեղի ծավալը վաղուց հավասարվել է շիմպանզեի ուղեղին, որին ընդամենը մի բանանով կարելի է ստիպել դաշնամուր նվագել: Նրանք միայն երեք պահանջ ունեն. ուտել, արտաթորել, բազմանալ:
Բնականաբար, ցավալի է: Դա նրանց մեղքը չէ, կամ կարելի էասել. ուղղակի մեղավորները իրենք չեն: Մեղավոր փնտրելը կառուցողական չի, պատժելը` առավել ևս: Պեդոֆիլ օլիգարխ Տեր-Պողոսյանին ձերբակալեցին, բայց ժողովուրդը դրանից ավելի լավ չապրեց: Դեռ ավելին, առաջ գոնե Տեր- Պողոսյան հարուստ «դյադյան» իրենց հարցերը լուծում էր, իսկ հիմա ո՞վ է լուծելու: Ուզում եմ դիմել բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են հարցեր լուծել: Սիրելի «հարց լուծողներ», ես հասկանում եմ, իհարկե, որ անասունի մակարդակին հասցված ժողովուրդը ավելի հնազանդ է և ղեկավարելի: Այնքան հնազանդ, որ իր հարազատ երեխային, կարող է հրամցնել ձեր «էլիտար» հաճույքներին հագուրդ տալու համար: Բայց եթե այդպես շարունակվի, ապա հիսուն տարի հետո, երբ Հայաստանում անտառ չմնա, ձեր երեխաները նույնպես դանդաղ կմեռնեն քաղցկեղից, շնչուղիների հիվանդություններից, ալերգիաներից: Հարգելի «հարց լուծողներ», լավ կամ վատ երեխաներ չկան, մեզ բան չի լինի, մենք այդ աղետների հետևանքը չենք հասցնի վայելել: Մեզ ի՞նչ է մնացել, այսօրվա պետական աշխատողի միջին տարիքը քառասունհինգ-հիսուն տարեկան է: Վարչապետն ու նախագահն իմ տարիքին են: Պարոնայք, մեզ մնացել է մի տաս-տասնհինգ տարի, մենք գնալու ենք, բա մեր երեխե՞քը…. Նրանցից շատերը մեծացան ցուրտ ու մութ տարիներին, հազար ու մի նևրոզներ ու բարդույթներ ձեռք բերելով: Բավական չի՞: Մենք ամեն րոպե սպանում ենք մեր բնությունը, Հայաստանը մի քանի տարի հետո կխեղդվի ցելոֆանի տոպրակներից և պլաստիկ շշերից: Սիրելի մտավորական կոլեգաներ, մենք միշտ հողմաղացների հետ կռիվ ենք տալիս, դա զգացել եմ իմ հոդվածների ձեր մեկնաբանություններից: Մտավորականների երեք խումբ կա: Առաջինը` կոնֆորմիստական, որոնք հարուստների հետույքը լիզելով կծախեն ամեն ինչ, այնքան որ իրենց տխմար արվեստի գործերը նաղդեն հասարակության վրա: Սկզբունքային-կարծրացած, որոնց համար ազգային արժեքները և ավանդույթները պահպանելը ինքնանպատակ է. կարմիր խնձորից մինչև ձեռքով խաշ ուտելը: Եվ անդերգրաունդային: Դրանք ավելի ճկուն են, երիտասարդ կոնֆորմիստ չեն և ինչ-որ նպատակներ են հետապնդում մտավոր պրոդուկտ ստեղծելիս:
Խոսքս ուղղում եմ առաջին երկու խմբին դասվող մտավորականներին: Սիրելի կոլեգաներ, մի երեսուն տարի հետո ոչ մեկին պետք չեն լինի ոչ միայն ձեր ֆիլմերն ու գրքերը, կտավներն ու երգերը, պետք չեն լինի նաև կրոնը, Կոմիտասը, Նարեկացին, Խաչատրյանը…. Ոչինչ պետք չի լինի… Հայաստանից կմնա միայն ցելոֆանների, պլաստիկ շշերի աղբանոց:
Հարգելի օրինաստեղծ պաշտոնյաներ, աշխարհն արդեն հրաժարվում է ցելոֆանե տոպրակներից, հարցեր են բարձրացվում պլաստիկ շշերի վերամշակման մասին, մենք ե՞րբ ենք մտածելու դրա մասին: Ազգովի գրին-քարտ չենք կարող շահել, միևնույն է` մի մասը դատապարտված է հայրենիքում ապրել, մի քիչ խիղճ ունեցեք: Դրանով պետք է զբաղվեն բոլոր հասարակական կազմակերպությունները: Եկեղեցուց սկսած: Մտավորականների մասին էլ չեմ ասում: Օլիգարխներից փող մուրալու տեղը մի ազդեցիկ ակցիա անեիք, որ մարդիկ միավորվեն այդ գաղափարի շուրջը: Դա առանձին թեմա է: Սիրելի կոլեգաներ, երբ հարուստներից միջոցներ եք մուրում, հիշեք Ախթալայի դեպքերը, նրանք ձեզ հենց այնպես փող չեն տա, թանկ եք վճարելու: Եվ ի վերջո, ո՞վ է ասել, որ բիզնեսը բարոյական կատեգորիա է: Փողից փող սարքողին միևնույն է` նա սիգարետ կծախի, զենք, թե կոնֆետ: Բարոյական նորմեր մենք պետք է մշակեինք ժամանակին: Մեր ներկայացումներով, ֆիլմերով, գրքերով, ակցիաներով, ասուլիսներով, հոդվածներով: Մտավորականությունը պետք է ձևավորի այդ մթնոլորտը: Իմ խորին համոզմամբ, մեր մեղքը շատ է, սարսափելի շատ: Մենք կամ կոնֆորմիստական, կամ թշնամական մթնոլորտ կարող ենք ստեղծել: Եթե մեզ հետ երկխոսության չեն գնում, ուրեմն չեն հարգում ընդամենը: Ուրիշ բացատրություն չեմ տեսնում:
Հ.Գ. Մեկնաբանություններ գրելիս ծնողներիս չհիշել: )))))))))))))))))))











































