2011 թ. հուլիսին Նորվեգիայում Անդերս Բրեյվիկի իրականացրած կրկնակի ահաբեկչություններից հետո Անդերս անունը կորցրել է մասսայականությունը նորվեգացիների շրջանում: Այս մասին են վկայում Նորվեգիայի վիճակագրության վարչության տվյալները, որը փոխանցում է Dagsbladet թերթը:
2010 թ. Նորվեգիայում Անդերս անունով են կնքել 99 տղայի (բոլոր նորածինների 0.3 տոկոսը): 2011 թ. ընդհուպ մինչև հունիս, այդ անունը ստացել են 59 երեխա, որը նույնպես կազմում է բոլոր նորածինների 0.3 տոկոսը: Տարվա երկրորդ կեսին՝ ահաբեկչություններից հետո, միայն 9 երեխա (0.1 տոկոս) է անվանակոչվել ահաբեկչի «պատվին»:
Նշվում է, որ Օսլոյի և Ուտեյա կղզու ահաբեկչություններից հետո Անդերս անունը կորցրել է իր մասսայականությունը նաև Շվեդիայում:
Հիշեցնենք. 2011 թ. հուլիսի 22-ին Օսլոյի կառավարության շենքի մոտ և Ուտեյա կղզում Անդերս Բրեյվիկի իրականացրած կրկնակի ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 77 մարդ:










































