«ՀԺ»-ն գրում է.
«Պարզվում է` հունվարի 20-ից «Նուբարաշեն» ՔԿՀ երեք ցմահ դատապարտյալներ, այնուամենայնիվ, հացադուլ են սկսել: ՀՀ ԱՆ ՔԿՎ մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը երեկ մեզ հայտնեց, որ նրանք գտնվում են առանձին խցում, բժիշկների հսկողության տակ, միևնույն ժամանակ հայտնեց, որ հացադուլավորներից մեկը՝ Հարություն Խաչատրյանը, նախօրեին դիմում է գրել ու հրաժարվել հացադուլից»:
Ղլեչյանը հերքել է այն տեղեկությունը, որ Խաչատրյանը հացադուլի ընթացքում կտրել է իր երակները: «Նման բան չկա»,- ասել է նա:
«Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ 20 ցմահ դատապարտյալներ հունվարի 18-ին պատրաստվում էին անժամկետ հացադուլ սկսել, սակայն մտափոխվեցին, որոշեցին հացադուլը հետաձգել տասը օրով՝ պայմանով, որ տասն օրվա ընթացքում ՀՀ նախագահական նստավայրից որևէ մեկն իրենց այցելի, հակառակ դեպքում՝ հացադուլ կհայտարարեն:
Ցմահ դատապարտվածները պահանջում են օրենքով նախատեսված կարգով վերանայել իրենց գործերը, և իրենց պատիժները համապատասխանեցնել ՀՀ Քրեական օրենսգրքի փոփոխություններին, այսինքն՝ ցմահի փոխարեն պատժաչափ սահմանել 15-20 տարի ազատազրկումը: Դատապարտյալներից երկուսը, փաստորեն, հացադուլը շարունակում են, և այսօր կլինի վեցերորդ օրը»: