«Ժողովուրդ»-ը գրում է, որ «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ փոփոխությունը վերածվել է լայնամասշտաբ ծեծկռտուքի:
«Երեկ հանրախանութ են գնացել «Ամերիաբանկ»-ի աշխատակիցները, կապարակնքել դռները, այնուհետև հանրախանութի աշխատակիցներին հորդորել՝ պայմանագիր ստորագրել բանկի հետ: Ստորագրելուց հետո աշխատակիցները վերադարձել են հանրախանութ և տեսել, որ այն շրջապատված է ոստիկաններով:
Վերջիններս անգամ հանրախանութի իրավաբանին են արգելել ներս մտնել, ինչի հետևանքով կռիվ է սկսվել: Արդյունքում կոտրվել են «Նոկիա» խանութի ապակիները, իսկ ներկաներից մի քանիսն էլ տեղափոխվել են ոստիկանություն»,- գրում է թերթը և հավելում.
«Նշենք, որ «Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ի սեփականատիրոջ որդի Հայրապետ Հայրապետյանն արդեն վերադարձել է Հայաստան և փորձում է ինչ-որ կերպ հարթել իրավիճակը: Հիշեցնենք, որ Հայրապետյանը 2007-ի խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությամբ առաջադրվել էր որպես պատգամավոր, սակայն չընտրվեց»: