Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբիերն Յագլանդը հայտարարել է, որ «դիրքորոշում չունի» Հայոց ցեղասպանության հարցի և դրա ժխտումը քրեականացնելու մասին օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Տուրբիերն Յագլանդն այս մասին ասել է` պատասխանելով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հարցին:
«Որպես Եվրախորհրդի գլխավոր քարտուղար և չունեմ դիրքորոշում այս առնչությամբ: Չեմ ուզում Կազմակերպության և անդամ-պետությունների անունից մեկնաբանել Ֆրանսիայում տեղի ունեցող քննարկումները:
Երբ զբաղեցնում էի Նորվեգիայի վարչապետի, ԱԳ նախարարի և խորհրդարանի նախագահի պաշտոնները`միշտ կողմ էի այն դիրքորոշմանը, որ պատմությունը պատմաբանների և պատմական գրքերի համար է և չէի սատարում պատմական հարցերի շուրջ քաղաքական որոշումների կայացմանը:
Գիտեմ, որ Թուրքիայի կառավարությունն առաջարկել էր ստեղծել պատմաբանների հանձնաժողով և հայտարարել է, որ կընդունի այդ հանձնաժողովի առաջարկները:
Այս հարցի առնչությամբ ես նույնպես դիրքորոշում չունեմ. նման որոշումներ ընդունում են ազգային խորհրդարանները և կառավարությունները»,- հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը: