Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի քննարկումը։ Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից։ Օրինագծով նախատեսվում է Հայոց ցեղասպանությունը հերքողներին Ֆրանսիայում պատժել 1 տարի ազատազրկմամբ և 45,000 եվրո տուգանքով։
Ֆրանսիայի թուրքական համայնքը բողոքի մեծ ակցիա է կազմակերպել Սենատի շենքի առջև։ Նշվում է, որ Ֆրանսիայի հայ համայնքը նույնպես հավաքվում է Սենատի շենքի մոտ՝ իր աջակցությունը հայտնելու օրինագծի ընդունմանը։ Այս կապակցությամբ ֆրանսիական ոստիկանությունն անվտանգության միջոցներ է ձեռնարկել Փարիզում՝ հայերի ու թուրքերի միջև բախումները կանխելու համար։