Գերմանիայի Դրեզդենի տեխնիկական համալսարանի լաբորատորիայում իրականացված փորձի հետևանքով հոսպիտալացվել է մոտ հարյուր մարդ: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 19-ին, երբ համալսարանի առաջին կուրսի ուսանողները քիմիայի լաբորատորիայում փորձ էին անցկացրել: Saechsische Zeitung թերթի տվյալներով՝ ուսանողները հանկարծակ զգացել են տհաճ հոտ, նրանցից մեկը նույնիսկ կորցրել է գիտակցությունը:
Լաբորատորիայի շենքից ուսանողներին անմիջապես տարհանել են` կասկածելով, որ հաստատությունում տարածվել է արսին գազ:
Քանի որ արսինի թունավորման ախատանիշները սովորաբար հայտնվում են նրա արտանետումից մի քանի ժամ հետո, մոտ 100 ուսանողի, լաբորանտի և փրկարարար ծառայության աշխատակցի հոսպիտալացրել են հետազոտություն անցկացնելու համար:
Առաջին անալիզներից հետո բժիշկներն եկել են այն եզրակացության, որ ահազանգը կեղծ էր: Արսինից թունավորումը չի հաստատվել։ Փրկարարների խոսքերով՝ առաջացած գազի քանակն աննշան էր, բացի այդ՝ արսինը դուրս է եկել հաստատությունից:
Համալսարանի ռեկտոր Հանս Մյուլլեր Շտայնհագենը հայտնել է, որ ավելի շատ թվով տուժածներից հնարավոր է եղել խուսափել փրկարարների ժամանակին արձագանքելու և արագ տարհանման շնորհիվ: