Ստամբուլում տպագրվող հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում հայկական գանձեր որոնողները հերթական անգամ պղծել են հայկական գերեզմանատունը։ Այս անգամ դեպքը գրանցվել է Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Գենչ շրջանի Սյուրեքլի գյուղում։
Այստեղ հայկական գանձեր որոնողները մեծ վնաս են հասցրել տեղի հայկական գերեզմանատանը։ Նրանք մի քանի օրում փորել են 6 մետր խորությամբ մի փոս և դուրս շպրտել հայտնաբերված կմախքներն ու ոսկորները։
Տեղաբնիկները նշում են, որ նախկինում այստեղ ապրել են հայեր, և որ սա առաջին դեպքը չէ, երբ հայկական գանձեր որոնողները պղծում են այդ գերեզմանատունը։ Նրանք կարծում են, որ դատախազությունը պետք է քրեական գործ հարուցի այս կապակցությամբ։