«Առաջին լրատվականն» արդեն հայտնել է, որ Իտալիայի Վենետիկ քաղաքում մտցվում է զբոսաշրջիկի հարկ (1 եվրո մեկ գիշերվա համար), և այդ գումարը կուղղվի հուշարձանների պաշտպանությանը:
Քաղաքային բյուջեն լցնելու համար, պարզվում է, մյուս քաղաքներն էլ արդեն գնացել են այս քայլին կամ պատրաստվում են դա կիրառել:
Այս մասին գրում է «РБК daily»-ն:
Անցած շաբաթ այս մասին խոսել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Նա ասել է, որ բացի Վենետիկից` զբոսաշրջիկներին հարկելու են նաև Ֆլորենցիայում, ուր այդ հարկը նույնպես կկազմի 1 եվրո մեկ գիշերվա համար, իսկ ահա Հռոմում այն ավելի թանկ կլինի` 2 եվրո:
Նման քայլի մասին մտածում են արդեն Իտալիայի մյուս քաղաքների, ինչպես նաև Իսպանիայի քաղաքների իշխանությունները: Գերմանիայում որոշ քաղաքներում այդ հարկն արդեն մտցված է, Բեռլինում էլ են պատրաստվում այդ քայլին դիմել: