Վրացական «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հանցագործություն է որակել Աֆղանստանում վրացական զինվորական կոնտինգենտի մեծացումը.
«Վրաստանը պետք է անհապաղ Աֆղանստանից դուրս բերի իր զինվորականներին, որոնք այնտեղ մասնակցում են ՆԱՏՕ-ի գործողություններին։ Աֆղանստանում զոհված վրացի զինվորների ու սպաների թիվն արդեն հասել է 12-ի։
Պետք է վերջ դնել այդ անիմաստ զոհերին։ Ես հուսով եմ՝ մեր իշխանությունները կհասկանան, որ մենք որևէ առնչություն չունենք այդ օտար պատերազմի հետ։ Ամերիկացիները չեն ցանկանում պատերազմել անձամբ, և ցանկանում են պատերազմել օտարի ձեռքերով։
Հավանաբար, այդ ամենի դիմաց վրացական իշխանություններն ակնկալում են, որ ԱՄՆ-ը զենք կհատկացնի նրանց։ Սակայն պետք չէ հույս դնել դրա վրա։ Այդ ամենը չի կարելի արդարացնել նաև նրանով, թե Աֆղանստանում վրացական զինվորական կոնտինգենտի մեծացման շնորհիվ ՆԱՏՕ-ին իր դռները կբացի Վրաստանի առջև։
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի օպերացիաներին Վրաստանի մասնակցության շարունակումը և վրացական զինվորական կոնտինգենտի մեծացումը հանցագործություն է երկրի առջև, և ոչ թե իշխանությունների սխալն է»։
Հիշեցնենք, որ ներկայումս Աֆղանստանում են գտնվում մոտ 1000 վրացի զինծառայողներ։ Ներկայումս Վրաստանը պատրաստվում է ևս 750 զինծառայող ուղարկել Աֆղանստան, որով Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների թվում Աֆղանստանում ամենամեծ զինվորական կոնտինգենտ ունեցող երկիրը։