Հայաստանում հանդիպումներ են տեղի ունենում ընդդիմադիր ուժերի միջև, որոնք կապված են 100 տոկոս համամասնական ընտրակարգի խնդրի հետ, որ բարձրացրել էին «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը, և որը ողջունել էին Հայ ազգային կոնգրեսը, «Ազատ դեմոկրատներ»-ն ու այլ քաղաքական միավորներ: Գործընթացը փաստորեն հայտնվել է հանդիպումների փուլում, ինչն, իհարկե, տրամաբանական է, քանի որ այլ կերպ դժվար կլիներ հասկանալ փոխադարձ ողջույնները: Եթե կուսակցությունները ողջունում են միմյանց քայլերը, և եթե դրանք կարևոր, ելակետային խնդիրների վերաբերյալ են, ապա փոխադարձ հանդիպումների բացակայությունը կարող է անտրամաբանական լինել:
Հարցն այստեղ այն է, թե ինչ կարող է ծնվել այդ հանդիպումներից: Ընդ որում, կարևոր է ոչ միայն այն, թե այդ հանդիպումներից ինչ կարող է ծնվել ընդդիմության դաշտում, այլ նաև այն, թե ինչ կարող է ծնվել իշխանության մոտ: Օրինակ` այդ հանդիպումները կարո՞ղ են արդյոք իշխանության մոտ վախ առաջացնել, այսինքն` կարո՞ղ է արդյոք իշխանության մոտ վախ ծնվել՝ ընդդիմադիր դաշտի միավորման վախ: Կասկած չկա, որ միավորման կամ համատեղ ինչ-որ գործողությունների հետևողական գեներացման պարագայում դա իշխանության համար իսկապես կարող է լինել լուրջ վտանգ, քանի որ այդպիսի գործընթացի դեմ իշխանությունը ունի երկու ճանապարհ՝ կամ կիրառել բռնություն ու ուժ` վերարտադրվելու համար, կամ գնալ էական փոխզիջումների:
Կասկածից վեր է, որ առաջիկա ընտրությունների մասին ինքնավստահ հայտարարությունների հիմքում, որ անում է իշխանությունը, ընկած է նաև հենց այն համոզումը, որ Հայաստանում ընդդիմությունը տարանջատված է, ընդդիմադիր դաշտը` բազմաթիվ մասերի բաժանված, ինչն էլ ջլատել է բողոքական ընտրազանգվածի ուժն ու լղոզել այն` իշխանությանը հնարավորություն տալով այն դարձնել հեշտ կառավարելի: Եթե այդ դաշտում տեղի են ունենում բյուրեղացման գործընթացներ, թեկուզ մարտավարական ինչ-որ խնդիրների հիմքով, ապա իշխանությունն իսկապես կարող է հայտնվել «ֆորս-մաժորի» առաջ: Հետևաբար անկասկած է, որ իշխանությունը ներկայումս ուշադրությամբ հետևելով ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող խմորումներին` կանի հնարավորը, դրանց հետագա գեներացիա թույլ չտալու համար: Գործի կդրվեն, բնականաբար, թե քարոզչական, թե նաև ֆինանսատնտեսական միջոցներն ու մեթոդները:
Մյուս կողմից, սակայն, ժամանակն է, որ ընդդիմությունը լինի փոքր-ինչ ավելի համարձակ և չտրվի իշխանության շանտաժին: Խոսքն, իհարկե, առաջին հերթին ընդդիմադիր այն ուժերի մասին է, որոնք կարող են որոշակիորեն խոցելի լինել հատկապես ֆինանսատնտեսական շանտաժի հանդեպ: Բանն, իհարկե, միայն գայթակղությունը չէ, այլ պարզապես վախը հետապնդումներից: Ի վերջո, Հայաստանում իշխանության այդօրինակ հետապնդումներին վերջ դնելու առաջնային գրավականներից մեկն էլ պետք է լինի այն, որ պոտենցիալ կամ կոնկրետ հետապնդվողները նախ և առաջ դուրս գան այդ «գաղթականի» հոգեբանությունից և մի կողմ դնեն հետապնդվելու մշտական վախը:
Հասկանալի է, որ Հայաստանի պարագայում այդ ամենն իսկապես լուրջ ռիսկեր են, բայց վերջին հաշվով կա «հազար վախը մի մահ» է ժողովրդական հայտնի խոսքը: Արժե՞ արդյոք ապրել «հազար ու մի վախերի» պայմաններում, երբ կարելի է ընտրել ընդամենը մի «մահը»՝ այդ վախերի մահը, ու դրանով հաղթահարել թե սեփական, թե նաև հանրային շատ ու շատ խնդիրներ: Այդ խնդիրը Հայաստանի քաղաքական կյանքում առաջին հայացքից ոչ այնքան ցցուն, սակայն խորքային իմաստով չափազանց նկատելի խնդիր է, որի հաղթահարումը Հայաստանում քաղաքական կյանքի և համակարգի կայացման կարևորագույն գրավականներից մեկն է:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի







































