Ապրիլի կեսին Եգիպտոսում սկսվում է նախագահական քարոզարշավը: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, Եգիպտոսի Զինված ուժերի բարձրագույն խորհուրդը կիրակի հայտարարել է, որ նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրման և գրանցման գործընթացը կսկսվի ապրիլի 15-ին:
Նոյեմբերին երկրի զինվորական ղեկավարությունը հայտարարել էր, որ հունիսի 30-ին նախատեսվող նախագահական ընտրություններից հետո պատրաստվում է իշխանությունը փոխանցել քաղաքացիական ղեկավարությանը:
Շաբաթ օրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար Մուհամմադ Ալ-Բարադեին հայտարարտեց, որ հրաժարվում է մասնակցել նախագահական ընտրություններին: Նրա խոսքերով՝ ինքն ուշադրությունը կկենտրոնացնի երիտասարդության հետ տարվող աշխատանքների վրա: «Ներկա պայմաններում ես չեմ կարող առաջադրել իմ թեկնածությունը ոչ նախագահական, ոչ էլ այլ պաշտոնի: Ես միշտ ձգտել եմ իրական փոփոխությունների, ոչ թե պաշտոնի»,- ասել է նա իր կողմնակիցներին:
«Մուսուլման եղբայրներն» իրենց հերթին բազմիցս ակնարկել են, որ չեն պատրաստվում իրենց թեկնածուին առաջադրել նախագահական ընտրություններում: Նրանց «Ազատություն և արդարություն» կուսակացությունն արդեն հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում՝ իր համար ապահովելով Ժողովրդական ժողովի պատգամավորական տեղերի գրեթե կեսը: Նրանք պատրաստվում են ձեռք բերել խոսնակի պաշտոնը և 8 պրոֆիլային կոմիտեների ղեկավարությունը:








































