Իրանը Արաբական երկրներին զգուշացրել է չմեծացնել նավթի արտադրությունը` Թեհրանի նավթի արտահանման էմբարգոյի պատճառով նավթի հավանական պակասը լրացնելու նպատակով:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նավթ արտահանող երկրների կազմակերպության Իրանի ներկայացուցչի հայտարարությունը հրապարակվել է այսօր, երբ Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները հերքել են, որ երկրի` նավթի արտադրությունը մեծացնելու ծրագիրը կապված էր Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների հետ, որոնց հետևանքով իրանական նավթը կարող է հանվել շուկայից:
Նավթի համաշխարհային շուկաները անհանգստացած էին, որ Իրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը՝ կապված իր դեմ ուղղված պատժամիջոցների հետ: Արաբական երկրների նավթ արտադրող ընկերությունները վերջերս հայտնել էին, որ կտրամադրեն նավթի կայուն և ապահով մատակարարում:











































