Ինձ համար անընդունելի է փաստը, որ երգիչները նախընտրական շրջանում վարձատրությամբ հանդես են գալիս այս կամ այն քաղաքական ուժի օգտին: Իսկ եթե սկզբունքորեն այդ երգիչը կամ արվեստագետը համաձայն է կանգնելու իր նախընտրած քաղաքական ուժի կողքին, նորմալ եմ համարում, քանի որ ամբողջ աշխարհում դա ընդունված երևույթ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով նախընտրական շրջանում արվեստագետների, երգիչ-երգչուհիների մասնակցության մասին նախընտրական քարոզարշավի շրջանակում, նման համոզմունք հայտնեց թատրոնի և կինոյի դերասան Միքայել Պողոսյանը:
«Ի վերջո, ո՞վ է ասել, որ ավեստագետը չի կարող պաշտպանել կամ իր ձայնը տալ ինչ-որ մի թեկնածուի: Դա նորմալ է, բայց եթե դա աշխատանքի բնույթ է կրում` չգիտակցելով, թե ում համար է երգում, նույն ձևով երգիչը, օրինակ, կարող է երգել ռեստորաններում, հարսանիքներում, անեն թամադայություն, ու եթե նախընտրական շրջանն այս շարքի մեջ է մտնում, ուրեմն դա ինձ համար անընդունելի է»,- ասաց նա` ընդգծելով, որ ի վերջո ամեն մեկն իր ճամփով է գնում:
Հարցին` արդյոք նրան երբևէ արվե՞լ է այս կամ այն քաղաքական ուժի կամ թեկնածուի օգտին վարձատրության դիմաց հանդես գալու առաջարկ, վերջինս նշեց, որ իրեն ընդհանրապես նման առաջարկ չի արվել, քանի որ երևի ժամանակին ու հիմա իրեն այնպես են ընկալում, որ «նույնիսկ այդ առաջարկով չեն մոտենում»:








































