Հայաստանի «Էներգետիկների համահայկական ասոցիացիա» իրավաբանական անձանց միություն ՀԿ նախագահ Սլավիկ Սարգսյանի կարծիքով՝ «Հրազդան 5»-ի շահագործումից հետո արտադրված էլեկտրաէներգիայի իրացումը մեծ խնդիրներ կառաջացնի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ իրացման համար միակ շուկան Թուրքիան է, բայց այսօր Թուրքիան ՀՀ-ից չի գնի էլեկտրաէներգիա, քանի որ ինքն է ատոմակայաններ կառուցում:
Ս. Սարգսյանի խոսքով, Ադրբեջանը, եթե անգամ էլեկտրաէներգիայի կարիք ունենա, նույնպես Հայաստանից չի գնի: Իրանն էլ գազի դիմաց վերցնում է այնքան էլեկտրաէներգիա, ինչքան գազ է տալիս:
«Այսինքն՝ 5-րդ բլոկի իմաստը չեմ հասկանում: Մենք կարող ենք ջրով մեզ բավարարող էլեկտրաէներգիա ստանալ: Թե ինչում է ատոմակայանի կամ նման կայանների կառուցման իմաստը, ես չեմ տեսնում: Այսօրվա դրությամբ 6.4 մլրդ Կվտ էլեկտրաէներգիա ենք սպառում, որից 2 մլրդը կորուստ է: Այսինքն՝ այստեղ մեր պետությունը պետության նման չի: Ոչ էներգետիկայի նախարարություն ու ոչ էլ նախարար ունենք»,- ասաց Ս.Սարգսյանը ու շարունակեց. «Մեր էներգահամակարգը տնտեսական մեխանիզմը քանդում է: Դա նրանից է, որ նախարարը էներգետիկայից շատ հեռու է, ու ամբողջ նախարարությունը բիզնես է անում»:




































