Պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ձևավորումն օրենքի պահանջն է, բարեփոխումների մի դետալ, ժողովրդավարության կանոն և հանրային հետաքրքրության առարկա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը:
«Ընդ որում՝ այդ հանձնաժողովի խնդիրը լինելու է ոչ թե պատժամիջոցներ իրականացնելը, այլ պետական պաշտոնյաների գործունեության հրապարակայնության, թափանցիկության ապահովումը: Քանի որ բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունը հանրային ուշադրության կենտրոնում գտնվող խնդիր է, կարծում եմ՝ այդ հանձնաժողովը բավականին լավ կլուծի իր առջև դրված, օրենքով սահմանված պարտականությունները»,- հույս հայտնեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նշենք, որ օրերս նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կազմավորվեց և իր անդրանիկ նիստը գումարեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ԲՀԿ-ական և ՕԵԿ-ական պատգամավորներ Վարդան Բոստանջյանի և Հեղինե Բիշարյանի համահեղինակությամբ, հունվարի 10-ին օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Դրանով, փաստորեն, նմանօրինակ մի հանձնաժողով էլ նախատեսվում է ստեղծել ԱԺ պատգամավորների համար:
Նախագծում հեղինակները մշակել են պատգամավորի վարքագծի կանոններ: Օրենսդիրը պետք է հարգի օրենքը, հանրության բարոյական նորմերը, պահպանի Ազգային ժողովի և նրա հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը, ամենուր դրսևորի պատգամավորին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերի քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ: Այս ամենը չանելու դեպքում հանձնաժողովը նրանց չի կարող ենթարկել պատասխանատվության:










































