Հունվարի 15-ից «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը միացվելու է էներգահամակարգին, սակայն թե որտեղ է իրացվելու դրա արտադրած էլեկտրաէներգիան՝ առայժմ դրա մասին չի հայտարարվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծիք հայտնեց, որ 5-րդ էներգաբլոկի շահագործմամբ ամենայն հավանականությամբ կդադարեցվի այլ հզորությունների աշխատանքը, հնարավոր է՝ «Հրազդան» ՋԷԿ-ի 4 ագրեգատների:
«Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրությունը կարող է և չի ավելացնելու, իսկ եթե ավելացնի, ապա՝ շատ քիչ»,- նշեց Հ. Բագրատյանը:
Նրա խոսքով, դեռևս մեկ շուկա կա, որ բաց է ՀՀ համար՝ Իրանը, սակայն վստահություն չկա, որ Բուշեհրի ատոմակայանի լրիվ շահագործումից հետո Իրանը կշարունակի էլեկտրաէներգիայի գնումներ կատարել:
Որևէ երրորդ կողմի միջամտությամբ Ադրբեջանին կամ Թուրքիային էլեկտրաէներգիայի վաճառքը Հ. Բագրատյանը հավանական չհամարեց: Ըստ նրա՝ մասնավորապես Ադրբեջանը վառելիքի նետտո էքսպորտյոր է, և դա հեռանկարային ծրագիր չի կարող լինել: Եթե ՀՀ հետ Ադրբեջանի հարաբերությունները լավ լինեին, գուցե հեշտ կլիներ, սահմանային ինչ-որ գյուղի Հայաստանն ապահովեր էլեկտրաէներգիայով, բայց, Հ. Բագրատյանի կարծիքով, վառելիքի նետտո էքսպորտյոր երկրի համար որևէ իմաստ չկա գնել էլեկտրաէներգիա, այսինքն՝ զիջել վաճառող կողմին ավելացված արժեք: «Չեմ կարծում, որ ադրբեջանցիք այդքանը չեն հասկանում»,- ասաց Հ. Բագրատյանը:
Թուրքիան միշտ ձգտում է գնել հումք-վառելիք, և Հ. Բագրատյանի համոզմամբ՝ էլեկտրաէներգիայի առումով Թուրքիան փնտրտուքի մեջ չէ: Այսօրվա դրությամբ Ուկրաինայի էներգետիկ հզորությունների 30%-ը պարապուրդի է մատնված, և չեն կարողանում գնորդ գնել: Ընդ որում՝ Ուկրաինան էլեկտրաէներգիան վաճառում է 1.5-2 անգամ էժան, ինքնարժեքից ցածր, բայց գնորդ, այնուամենայնիվ, չկա: «Ինքնարժեքից ցածր շահաբեր է՝ նկատի ունենալով հզորությունների ծանրաբեռնումը: Էլեկտրաէներգիա աշխարհում շատ կա, տոտալ արտադրությունը շատ է ավելացել»,- փաստեց Հ. Բագրատյանը՝ հավելելով, որ Հայաստանը մոտ ապագայում փոքր ծավալով էլեկտրաէներգիա հնարավոր է վաճառի Իրանին և Վրաստանին:










































