2012 թվականը Հայաստանում ցուցադրական տարի է լինելու. տարվա սկզբին իշխանությունը ցուցադրական քայլեր կանի խորհրդարանի ընտրության համար, իսկ դրանից հետո էլ ցուցադրական քայլեր կլինեն նախագահի ընտրության համար: Իսկ ի՞նչ է լինելու այդ ամենից հետո, այսինքն` 2013 թվականից հետո: Այդ մասին այսօր գրեթե ոչ ոք չի խոսում:
2013 թվականը հեռու է թվում, 2014 թվականն՝ առավել ևս: Բայց չենք հասցնի աչք թարթել, երբ կտեսնենք, որ արդեն 2013-ն է, հետո՝ 2014-ը: Իսկ Հայաստանը խորհրդարանի և նախագահի ընտրություններով չի ավարտվելու, շարունակելու է լինել, գոյություն ունենալ, ապրել աշխարհի քարտեզի վրա: Իսկ ինչպե՞ս է ապրելու Հայաստանը 2012-13 ցուցադրական տարիներից հետո:
Բանն այն է, որ այդ ցուցադրականությունը հակասության մեջ է մտնելու ռացիոնալիզմի, պրագմատիզմի հետ: Այսինքն` լինելու է իհարկե պրագմատիզմ, բայց՝ իշխանական տեսանկյունից: Այսինքն` իշխանությունը Հայաստանում փորձելու է ցուցադրական, պոպուլիստական քայլերի միջոցով ստեղծել դրական զարգացումների տպավորություն, բավարարել հասարակության սոցիալական կարիքները հնարավորինս մեծ չափով, որ հնարավորինս ավելի քիչ կեղծիքների անհրաժեշտություն լինի խորհրդարանի, իսկ հետո նաև նախագահի ընտրությանը: Զուտ իշխանական քաղաքական շահի տեսանկյունից Սերժ Սարգսյանն ու նրա թիմը, իհարկե, պրագմատիկ կվարվեն, բայց արդյոք պրագմատիզմ կա՞ նաև պետական քաղաքականության, պետական շահերի տեսանկյունից: Սա արդեն իսկապես լուրջ հարց է, որովհետև պետությունն արդեն իսկ կայացրել է մի քանի պոպուլիստական որոշումներ, որոնք պահանջում են հավելյալ դրամական միջոցներ:
Օրինակ` Հայաստանի 2012թ. պետբյուջեն, ինչպես հայտնի է, պետք է հավաքագրի նախորդ տարվա համեմատ հավելյալ 100 միլիարդ դրամ եկամուտ: Ինչպե՞ս է զգալու բիզնեսը այդ 100 միլիարդ հավելավճարի ծանրությունը: Այդ հարցը հրատապ է ոչ միայն ներկայիս տարվա, ոչ միայն 2013-ի, այլ նաև դրանից հետո ընկած ժամանակահատվածի համար, քանի որ երկու-երեք տարին բիզնեսի կտրվածքով փոքր ժամանակահատված է: Մինչդեռ դա ընդամենը մի օրինակ էր, թե ինչպես են այսօր կայացվում նախընտրական տրամաբանությամբ պոպուլիստական որոշումներ, որոնց ազդեցության դիապազոնը դուրս է զուտ ընտրական տարիների մեկուկեսամյա շրջանակից: Իսկ քանի որ օրինակները բազմաթիվ են, բազում են նաև կասկածները, որ Հայաստանը շատ թանկ է վճարելու նախընտրական իշխանական պոպուլիզմի համար: Օրինակ` Հայաստանը Մոսկվային համոզեց, որ 2012թ. գազի գնի թանկացում չլինի, ինչպես նաև պետական դոտացիա տրամադրեց սոցիալապես անապահով խավերին: Բայց չէ՞ որ անհնար է Ռուսաստանին անվերջ համոզել: Հետևաբար ի՞նչ է լինելու գազի գնի հետ 2013 և 2014 թվականներին, ինչի՞ գնով է Հայաստանը զսպելու գազի գնի էական աճը, ի՞նչ է վճարելու դրա դիմաց քաղաքական կամ տնտեսական առումով: Ընդ որում` բացարձակապես կարևոր չէ, թե ինչ արդյունք կլինի ընտրությունների ընթացքում: Իհարկե քիչ է ակնկալիքը, թե Հայաստանում կլինի իշխանափոխություն, հատկապես խորհրդարանի ընտրությունից հետո, բայց, լինի, թե չլինի, էականը դա չէ: Էականն այն է, որ երկիրը այս նախընտրական հատվածում սոցիալական պոպուլիզմի այնպիսի բեռի տակ է հայտնվելու, որ անգամ եթե այդ բեռը բարձող իշխանությունն ինքը հեռանա, նոր իշխանությունը ամենայն հավանականությամբ կմնա այդ բեռի ծանրության տակ դեռ երկար ժամանակ: Դա է խնդիրը, որ առաջ է բերում 2014-ի և հետագա տարիների հարցը:
Բանն այն է, որ «մեկ օրով» ապրելը Հայաստանի անկախության քսանամյա շրջանին բնորոշ առանձահատկություն է: Այդ «մեկ օրով» ապրելու բանաձևն է հասցրել այն վիճակին, որ անկախության արշալույսին ժողովրդավարական մեծ պոտենցիալ պարունակող երկիրն այսօր հայտնվել է քաղաքակրթական սնանկության եզրին, մինչ այժմ չի լուծել ոչ մի հիմնարար խնդիր, որը կօգներ երկրում հաստատել արդիական համակարգերի մի հարթություն, որի վրա արդեն կկառուցվեին զարգացման ծրագրերը: Քսան տարի առաջ մենք չգիտեինք, թե ինչի ենք հասնելու քսան տարի անց, ինչ ենք մենք ուզում, ինչ արդյունք ենք ստանալու, որովհետև պետական մակարդակով լուծվում էին այսրոպեական խնդիրներ, որոնց մի զգալի մասն, իհարկե, օբյեկտիվ շարժառիթներով: 15 տարի առաջ մենք չգիտեինք, թե ինչ ենք ստանալու տասնհինգ տարի անց, ինչ արդյունքի ենք հասնելու, որովհետև պետական օրակարգում կրկին այսրոպեական խնդիրներ էին: Տասը տարի առաջ էլ նույն պատկերն էր, և մենք չգիտեինք, թե տասը տարի հետո մեզ ինչ է սպասելու և ինչ արդյունք ենք ունենալու: Հինգ տարի առաջ էլ մենք մտածում էինք հինգ րոպե կտրվածքով, իսկ հինգ տարվա հեռանկարը կրկին անորոշ էր: Այսօր արդեն անորոշ է երկամյա հեռանկարը, որովհետև մենք մեզ հարց չենք տալիս 2014-ի, 2015-ի համար: Մենք ոչ միայն մեզ հարց չենք տալիս, այլ նաև հարց չենք տալիս քաղաքական դաշտին, իշխանությանը:
Թվում է, թե 2012 թվականին Հայաստանի համար ամենամեծ մարտահրավերը ընտրությունն է և դրա կեղծելու վտանգը: Դա, իհարկե, չափազանց մեծ և կարևոր մարտահրավեր է, սակայն դրա կողքին ամենևին պետք չէ անտեսել հենց պրագմատիկ՝ պետական և հանրային շահի տեսանկյունից պրագմատիկ կառավարում իրականացնելու, պետության և հասարակության միջոցների պրագմատիկ կառավարում իրականացնելու խնդիրը, երբ մեկ էլ կարող է պարզվել, որ մենք արդար ընտրություն ենք անցկացրել` ուղղակիորեն քամելով երկիրը: Մինչդեռ արդար ընտրությունը պետք է անցնի իշխանության, ոչ թե երկրի ռեսուրսի հաշվին: Դրանք պետք չէ շփոթել, առավել ևս մոռանալ նախընտրական թոհուբոհում, որովհետև Հայաստանի համար ժամանակը չի ավարտվելու այդ ընտրությամբ, այլ նոր է սկսվելու:









































