Ամբողջ մոլորակի վրա դեգրադացիա կա, իսկ ինչ վերաբերում է մեզ, պահանջարկ առաջացնողի ճաշակը ցածր է, ու երգ գրողներն ամբողջությամբ կոմերցիոն ուղղությամբ են մտածում` հիմնականում հարսանեկան երաժշտության ուղղությամբ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Արձագանք» խմբի հիմնադիր, երաժիշտ-երգահան Եղիշե Պետրոսյանը` խոսելով էստրադային դաշտի միապաղաղության, հայկական շոու-բիզնեսի ներկայիս վիճակի ու ապագայի մասին:
«Ցավոք սրտի, դա դարձել է հեռուստատեսության դեմքը, ու ամբողջ ուժերը նետվել են այդ հարսանեկան երաժշտության ուղղությամբ, անգամ մարդիկ, ովքեր այդ մշակույթի կրողը չեն, դրանով փորձում են գումար վաստակել, ու դրանից է գալիս այն միապաղաղությունը. կարծես մեկ մարդ գրած լինի այդ երգերի տեքստերը»,- ասաց Ե. Պետրոսյանը` ավելացնելով, որ իհարկե, կան նաև հետաքրքիր մտածելակերպ ու ձեռագիր ունեցող մարդիկ, սակայն նրանք էկրաններին հաճախ չեն երևում:
Նրա խոսքով, այստեղ կա փակ շղթա, այսինքն` եթե մեկը վճարում է նման երաժշտության համար, նա ունի նաև տեսահոլովակ նկարահանելու ու ցուցադրելու հնարավորություն, վճարում ու ցուցադրում է հեռուստատեսությունը, ու առաջանում է նոր առաջարկ, որը պարուրաձև աճ է գրանցում: Այստեղ, սակայն, այլ հարց է հեռուստատեսության դիրքորոշումը`ի՞նչն է նրանց նպատակը, ի վերջո ի՞նչ են ցանկանում մատուցել հանրությանը` արժեքավոր երաժշտությո՞ւն, թե՞ ցածր ճաշակ:
Երաժիշտը կարծում է, որ արժեքավոր բան մատուցելով՝ հեռուստատեսությունները չեն կարող դառնալ կոմերցիոն, իսկ պետական հովանավորություն էլ համարյա չկա, ու ամեն ինչ հանգում է նրան, որ օրիգինալ երաժշտություն ստեղծող մարդը չի խրախուսվում, իսկ եթե չի խրախուսվում, ունի ապրելու խնդիր, անցնում է այդ դաշտում աշխատելուն` կնունք, ծնունդ, ռեստորան, ակումբներ, հեռուստատեսություն, նաև պարգևատրումներ:
Հարցին` ինչպե՞ս է երաժիշտը պատկերացնում էստրադային ժանրում տիրող վիճակը, երգահանը պատասխանեց, որ որպես երաժիշտ համոզված է՝ «վատ, անհետաքրքիր վիճակ է տիրում, անտերություն է, այսինքն` ով ինչ բաշարում անում է»: Նրա խոսքով, յուրաքանչյուր երաժիշտ իր համար պետք է որոշի` ի՞նչ է ցանկանում ներկայացնել` արժեքավոր երաժշտությո՞ւն, թե՞ զվարճանք:
«Արդեն ամենաբարձր մակարդակներով ամենաանճաշակ միջոցառումներն են արվում, ու դա ծիծաղ է առաջացնում: Շատ պետական այրերի մակարդակը քեֆի երաժշտության մակարդակն է, և նրանք ո՛չ պատկերացնում են, ո՛չ էլ ուզում են պատկերացնել, ցանկություն էլ չունեն»,- հավելեց երաժիշտը:










































