Մարգրեթ 2-րդն այսօր նշում է Դանիայում իր գահակալության 40-ամյակը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը:
1972 թվականի հունվարի 14-ին վախճանվեց Ֆրեդերիկ 9-րդ թագավորը, և գահը փոխանցվեց նրա ավագ դստերը` Մարգրեթին: Հունվարի 15-ին վարչապետ Յենս Օտտ Քրագը Քրիստիանսբորգ պալատի պատշգամբից երեք անգամ հռչակել էր. «Ֆրեդերիկ 9-րդ թագավորը մահացել է: Կեցցե~ Ձերդ գերազանցություն Մարգրեթ 2-րդ թագուհին»: Այնուհետև հավաքվածներին էր դիմել 31-ամյա թագուհին, որն իր ելույթն ավարտել էր հետևյալ կարգախոսով` «Աստծո օգնություն, ժողովրդի սեր՝ Դանիայի ուժը»:
Այսօր Մարգրեթ 2-րդը և նրա ամուսինը` Հենրիկը, ժամանելու են Ռոսքիլե, որը գտնվում է մայրաքաղաքից 35 կմ հեռավորության վրա: Թագավորական ընտանիքը ծաղկեպսակ է դնելու Ֆրեդերիկ 9-րդի և Ինգրիդ թագուհու շիրիմներին, ապա թագավորական ընտանիքը մասնակցելու է Կոպենհագենի քաղաքապետարանի հանդիսավոր ընդունելությանը, իսկ երեկոյան ներկա են լինելու Դանիայի ռադիոյի սրահում կայանալիք համերգին:
Թագուհու հոբելյանին ամենալավ նվերը հասարակության շրջանում արված հարցումն էր, համաձայն որի դանիացիների 82 տոկոսը կողմ են թագավորությանը և միայն 12 տոկոսն է հայտնել հանրապետություն ունենալու ցանկության մասին: Հարցումների արդյունքները ցույց են տվել, որ դանիական թագավորությունը ամենահայտնին է Եվրոպայում:
1917 թվականից հետո Մարգրեթ 2-րդը եվրոպացի առաջին միապետն էր, որ 1975 թվականին այցելեց ԽՍՀՄ:










































