Axel Springer հրատարակչատան Die Welt և Welt am Sonntag թերթերը հրապարակել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Քրիստիան Վուլֆի փաստաբանի և BW-Bank-ի հետ իրենց նամակագրությունը` հիփոթեքային վարկի վերաբերյալ, որն առաջացրել է կոռուպցիայի կասկած:
Ավելի վաղ նախագահը հայտարարել էր, որ իր փաստաբանը պատասխանել է լրագրողների 450 հարցի, և խոստացել է դրանք հրապարակել պատասխանների հետ միասին: Արդյունքում նա սահմանափակվել է միայն կարճ պատասխաններով, ինչն առաջացրել է ԶԼՄ-ների դժգոհությունը, և նրան կրկին մեղադրել են տեղեկություններ թաքցնելու փորձի մեջ: Վուլֆի փաստաբան Գորնոթ Լերը հարցերի ամբողջական ցանկը չհրապարակելը բացատրել է լրագրողների իրավունքները պաշտպանելով: Սակայն, ինչպես պարզաբանվել է հետագայում, ԶԼՄ-ները ընդհանրապես դեմ չեն իրենց հետազոտության արդյունքները հրապարակելուն:
Առաջին քայլն արել են Axel Springer հրատարակչատան թերթերը, ուր զանգել էր Վուլֆը, որպեսզի խանգարեր իր վարկի մասին հոդվածի տպագրումը: Welt թերթը ուշադրություն է դարձնում այն փաստի վրա, որ լրագրողների իրավունքների պաշտպանությունը, չգիտես ինչու, չխանգարեց Վուլֆի փաստաբանին Frankfurter Allgemeine Sonntagszeitung թերթին ուղարկել Welt թերթի խմբագրի հարցերով նամակները` չհարցնելով ո՛չ հրատարակչատան, ո՛չ խմբագրի թույլտվությունը:
Welt-ի օրինակին են հետևել Bild, Spiegel, Berliner Zeitung և Frankfurter Rundschau թերթերը:









































