Թաիլանդում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին պաշտոնապես զգուշացրել է երկրի մայրաքաղաքում սպասվող ահաբեկչությունների մասին:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դեսպանության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ «ահաբեկիչները ամենամոտ ժամանակները պատրաստվում են ահաբեկչություններ կազմակերպել Բանգկոկի զբոսաշրջային վայրերում»: Դեսպանությունը կոչ է արել զբոսաշրջիկներին զգուշություն ցուցաբերել հասարակական վայրերում, հատկապես այնտեղ, որտեղ մեծ թվով արևմտյան երկրների քաղաքացիներ կան:
Դեսպանատան մամլո քարտուղար Ուոլտեր Բրաունոլերը հրաժարվել է որևէ բացատրություն տալ կամ մեկնաբանություն անել սպասվող ահաբեկչությունների մասին:
Այնուամենայնիվ, Թաիլանդով զբաղվող փորձագետները կարծում են, որ այդ երկրում Արևմուտքի քաղաքացիների նկատմամբ սպառնալիքի իրական վտանգ չկա, իսկ դեսպանատան հայտարարությունը կապված է Իրանի շուրջ սրված իրավիճակի հետ: Նրանց կարծիքով՝ պարզապես Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Պարսից ծոցի շրջանում իրավիճակի սրման պայմաններում կարող են ակտիվանալ իրանամետ ծայրահեղական ուժերը:










































