Նիդերլանդների խորհրդարանում սկանդալ է բռնկվել այն բանից հետո, երբ Բեատրիս թագուհին Օմանում և ԱՄԷ-ում մզկիթներ մտնելիս գլխաշոր է կրել:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում Աբու Դաբիում և Մասկատում մզկիթներ այցելելիս գլուխը ծածկել է գլխաշորով, որը համարվում է մուսուլման կանանց բնորոշ հագուստի մասը:
Այն բանից հետո, երբ թագուհու այցի տեսագրությունը ցուցադրվեց հոլանդական հեռուստաալիքներով, Ազատության կուսակցությունը, որը հայտնի է իր հակաիսլամական հայացքներով, հայտարարեց, որ այդպիսով թագուհին «օրինականացրել է կանանց ճնշումները»:
Նիդերլանդների խորհրդարանում վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ «երբ Ձերդ Մեծությունը այցելում է աղոթքի կենտրոն, ապա պահպանվում են հագուստի նկատմամբ պահանջերը»:
Թագավորական տան ներկայացուցիչները հայտարարել են, որ դա արվել է տեղի ավանդույթների նկատմամաբ հարգանք դրսևորելու համար: Ինքը՝ թագուհին, իր նկատմամաբ քննադատությունն անվանել է «անհեթեթություն»՝ նշելով, որ Ազատության կուսակցությունից միանգամայն կարելի էր սպասել նման բան:
Հիշեցնենք, որ Ազատության կուսակցության ղեկավար Քերտ Ուիլդերսը հակամուսուլմանական սկանդալային «Ֆիթնա» ֆիլմի հեղինակն է, որը համացանցում տեղադրվեց 2008 թ.:









































