Եթե Իրանը փակի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն այն կբացի ուժի կիրառմամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, իրանագետ Գոհար Իսկանդարյանը` խոսելով Պարսից ծոցում արևմտյան ռազմական նավատորմի ֆոնի ներքո Իրանի նկատմամբ շարունակվող պատժամիջոցների սպառնալիքի մասին:
Իրանագետը տեղեկացրեց, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը երկար տարիների պատմություն ունի. 2002թ. հայտնի դարձավ, որ Իրանը գաղտնի միջուկային ծրագիր ունի, և միջազգային հանրությունը Իրանին հորդորեց ավելի բաց լինել:
«Միջազգային հանրությունը ցանկանում է, որպեսզի ուսումնասիրություններ իրականացվեն` համոզվելու համար, որ այդ ծրագիրը վտանգավոր չէ: ԵՄ-ի մտահոգություններից ելնելով` ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձևեր ընդունեց, որոնք չիրականացվեցին Իրանի կողմից: Իրանը հայտարարեց, որ ետ չի կանգնելու իր որդեգրած քաղաքականությունից: Այժմ այդ երկիրը սպառնում է փակել Հորմուզի նեղուցը, եթե պատժամիջոցներ կիրառվեն Իրանի նավթարդյունաբերության նկատմամբ»,- մեկնաբանեց Գ. Իսկանդարյանը:
Ըստ իրանագետի` պատժամիջոցների կիրառման դեպքում Իրանում կառաջանան խնդիրներ, քանզի Իրանի նավթարդյունաբերության վրա է հիմնված այդ երկրի տնտեսությունը, և կթուլանա նրա դերը տարածաշրջանում:
Գ. Իսկանդարյանի կարծիքով` Հորմուզի նեղուցի փակումը կհանգեցնի համաշխարհային ճգնաժամի, քանի որ նավթի մեծ պաշարներ են անցնում այդ մասով: Նշենք, որ վերջին հայտարարության համաձայն` ռազմական հարձակումների և միջամտությունների դեպքում Իրանը կփակի նեղուցը:
«ԱՄՆ-ն ռազմանավեր է մոտեցրել, «Աբրահամ Լինքոլն» ավիակիրն է առկա: Յուրաքանչյուր պահի ԱՄՆ-ն կարող է հարձակման անցնել և բացել այն, եթե նեղուցը փակվի: Իրանի ռազմական ղեկավարներն ասել են, որ չափազանց հեշտ է Հորմուզի նեղուցի փակումը»,- նկատեց Գ. Իսկանդարյանը:
Հարցին` հնարավո՞ր է պատերազմի սանձազերծում, իրանագետը պատասխանեց` պատերազմ չի լինի, քանի դեռ նախընտրական տարի է, և ԱՄՆ-ն կնախընտրի զերծ մնալ պատերազմից: «Սակայն հանրապետականներն ասում են, որ ընտրվելու դեպքում կսկսեն պատերազմական գործողություններ: Եթե Հորմուզի նեղուցը փակվի, նրանք ուժի կիրառմամբ այն կբացեն, բայց երկարատև պատերազմ չի լինի»,- կարծում է իրանագետը:









































