Կենդանիների և բնության պահպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները դեմ են Երևանում դելֆինարիումի բացմանը: Նրանց անհանգստացնում է այն, որ Հայաստանի կլիման բոլորովին չի համապատասխանում դելֆինների կամ այլ ծովային կենդանիների գոյատևման համար. «Հայաստանի ամառները շոգ են, չոր, ձմեռները` ցրտաշունչ: Հայաստանի բարձրությունը կտրուկ տարբերվում է Ուկրաինայի բարձրությունից: Այսպիսի կլիմայական և աշխարհագրական պայմանները կարող են շատ վտանգավոր լինել դելֆինների և այլ ծովային կաթնասունների համար: Անգամ պարզ չէ, թե ինչ ճանապարհով են այդ կենդանիները տեղափոխվել Հայաստան»:
Կենդանասերների կարծիքի հետ համամիտ չէ Երևան քաղաքի գլխավոր դելֆինոլոգ Սուրեն Մաքսապետյանը, ավելին, գտնում է, որ դելֆինարիումը բնապահպանական որևէ խնդիր չի առաջացնում, ընդհակառակը, զբոսայգին մեռած վիճակից արթնանում է. «Կարծում եմ, որ կենդանասերների կողմից աղմուկ բարձրացնելը շատ իզուր է, իսկ այն, որ ասում են, թե պանթեոնի մոտ դելֆինարիում կառուցելը սրբապղծություն է, այդպես չէ, որովհետև սա զբոսայգի է և պանթեոնից շատ հեռու է»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայից Հայաստան են տեղափոխվել 4 շշաքիթ դելֆիններ, որոնք գրանցված են Ուկրաինայի վտանգված կենդանիների և բույսերի Կարմիր գրքում, 1 ծովառյուծ և 2 փոկ: