Փոփ-երգչուհի Մադոննայի պաշտոնական կայքում ասվում է, որ երգչուհու 12-րդ ստուդիական ալբոմը կրելու է M.D.N.A. անվանումը և թողարկվելու է մարտին:
Ալբոմի առաջին թրեքի` Gimme All Your Luvin-ի պրեմիերան տեղի է ունենալու Ինդիանայում փետրվարի 5-ին` ԱՄՆ Ազգային ֆուտբոլի լիգայի չեմպիոնատի սուպեր գավաթի ժամանակ:
Անցած տարվա վերջին 31-ամյա մի իսպանացի արդեն համացանցում տարածել էր այդ երգը, սակայն ոստիկանությունը ձերբակալել է նրան, այնուհետև բաց թողել: Սա աստղերի նոր հիթերի արտահոսքի առաջին դեպքը չէ: Այսպես՝ 2012 թվականի հունվարին՝ պաշտոնական ասուլիսից մեկ ամիս առաջ, համացանցում տարածվել էր Փոլ Մաքքարթնիի նոր ալբոմը:
Դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ 53-ամյա աստղը Interscope Records ստուդիայի հետ կնքել էր 40 միլիոնանոց պայամագիր` երեք սկավառակ թողարկելու մասին: Նրանցից մեկը M.D.N.A.-ն է, որի ձայնագրությունները երգչուհի սկսել էր դեռ անցած տարվա հուլիսին:











































