Կին դատապարտյալներին տրամադրվող հիգիենիկ պարագաների թիվը կկրկնապատկվի: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Ըստ այդմ, փոփոխություն կատարվեց «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները հաստատելու մասին» որոշման մեջ:
Ներկայումս կին դատապարտյալներին 1 ամսվա կտրվածքով տրամադրվում է 5 հատ հիգիենիկ պարագա, որը չի բավարարում անձնական հիգիենայի պատշաճ պահպանմանը, քանի որ կանանց դաշտանային ցիկլը տևում է 3-6 օր: Վարչապետին ներկայացրած նամակով նշված խնդրին է անդրադարձել նաև «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն:
Այս նախագծի նպատակն է բավարարել քրեակատարողական հիմնարկներում պահվող կին դատապարտյալներին հիգիենիկ պարագաների անհրաժեշտ քանակով, ինչպես նաև պահպանել նրանց անձնական հիգիենան պատշաճ մակարդակի վրա: Տարվա կտրվածքով լրացուցիչ կպահանջվեն 460 հազար 800 դրամի ֆինանսական միջոցներ (192 մարդ x 5 հատ x 12 ամիս x 40 դրամ = 460 հազար 800 դրամ):










































