Դժվար է ասել, թե ո՞րն է ստեղծագործելու համար նպաստավոր միջավայրը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ստեղծագործող մարդը շարունակում է ստեղծագործել անկախ միջավայրից, բայց կան հարցեր, որոնք սովորաբար չեն բարձրաձայնվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Road Movie ռոք խմբի վոկալիստ և կիթառահար Հենրիխ Կարագյոզյանը` պատասխանելով այն հարցին` արդոք Հայաստանում կա՞ նպաստավոր միջավայր ստեղծագործողների համար:
Ցավալին, ըստ երաժիշտի, այն է, որ ներկայում շատ ռոք երաժիշտներ ստիպված են այլ և երբեմն երաժշտության հետ ընդհանրապես կապ չունեցող տեղերում աշխատելով ապրելու գումար վաստակել:
«Եթե փորձեմ հիշել մի շարք տաղանդավոր խմբեր ու երաժիշտների, որոնք ակտիվ գործունեություն էին ծավալում, ասենք, 10-15 տարի առաջ, քչերն են մնացել, որ շարունակում են մինչ այսօր, ինչը շատ ցավալի է: Ոմանք գնացին Հայաստանից` արտասահմանում բախտ փորձելու նպատակով»,- ասաց երաժիշտը` ընդգծելով, որ այլ հարց է, որ, տարբեր պատճառներից ելնելով, ռոքը մեզ մոտ երկար ժամանակ հետին պլան է մղված եղել և գոյատևել է անդերգրաունդային պայմաններում:
Նրա խոսքով, հենց դրա հետևանքով մեզ մոտ չկան այն մեխանիզմները, որոնք ռոքային պատմություն և ավանդույթներ ունեցող երկրներում ձևավորվել են դեռ շատ վաղուց, և որոնց շնորհիվ ստեղծագործող մարդը գոնե հնարավորություն ունի աշխատասիրության և ջանքերի արդյունքում հույս ունենալ, որ իր արած գործը պահանջված կլինի:
Հ. Կարագյոզյանը կարծում է, որ ռոքի համար Հայաստանում մեկ այլ մեծ խնդիր է այն, որ ռոք երաժշտությունը մեր եթերներում գրեթե չի հնչում, իսկ եթերը հզոր միջոց է ընդլայնելու խմբի լսարանը, քանի որ մարդկանց մի ստվար զանգված, որը այլ կերպ անտեղյակ է ռոքից, կամ զուտ կաղապարային կարծիք ունի դրա մասին, կարող է ձգվել դեպի երաժշտության այս ուղղությունը:
«Թե չէ ստացվում է ուրոբորոս` իր սեփական պոչը կծող օձ: Մի կողմից` հեռուստաընկերությունները նախընտրում են եթեր տալ նյութ, որը «սիրված» է և անկասկած «ռեյտինգ» կապահովի, մյուս կողմից էլ՝ մի՞թե զանգվածային լրատվամիջոցները չեն, որ հնարավորություն ունեն ճաշակ ձևավորելու»,- նկատեց ռոք երաժիշտը` նշելով, որ այնուամենայնիվ, ստեղծվում են նոր խմբեր, փաստ է, որ անցած տարվա ընթացքում ռոք խմբերից մի քանիսը ալբոմներ ձայնագրեցին և ներկայացրեցին, փաստ է նաև, որ մի քանի հայկական ռոք խմբեր այս պահին ալբոմ են ձայնագրում:
Հարցին` ի՞նչ աշխատանքներ է ներկայում կատարում Road Movie ռոք խումբը, վերջինս ուրախությամբ հայտնեց, որ խումբն արդեն իրենց առաջին ալբոմի ձայնագրման վերջին փուլում է: Երաժիշտը հույս հայտնեց, որ մեզանում էլ ռոքը կզարգանա այնքան, որ տաղանդավոր մարդիկ ստիպված չեն լինի թողնել իրենց սիրելի գործով զբաղվելը` մի կտոր հացի համար, կամ գնալ Հայաստանից` ավելի լավ կյանքի ակնկալիքներով:







































