Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) դիտորդներից Ալժիրի ներկայացուցիչը լքել է Սիրիան՝ մեղադրելով Բաշար Ալ-Ասադի վարչակարգին ռազմական հանցագործությունների մեջ և հայտարարելով, որ ԱՊԼ առաքելությունը «ֆարս» է:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Ալժիրի ներկայացուցիչ Անվար Մալեքը Կատարում ԱՊԼ գրասենյակից հայտարարություն է արել Al-Jazeera հեռուստաալիքի եթերում՝ նշելով, որ Սիրիայի իշխանությունները «չեն հանել տանկերը փողոցներից, այլ պարզապես դրանք թաքցրել են»: «Ամենուրեք դիպուկահարներ են, որոնք կրակում են քաղաքացիական անձանց վրա: Մարդկանց առևանգում են: Ձերբակալվածներին տանջում են և նրանցից ոչ մեկին չեն ազատում»,- հայտարարել է Մալեքը: Նրա խոսքերով՝ պետական հեռուստատեսությամբ ցուցադրվող «ազատվածները» պատահական անցորդներ են:
ԱՊԼ առաքելությունը Սիրիայում իր աշխատանքները սկսել է 2011 թ. դեկտեմբերի 26-ին: Սիրիայի ընդդիմությունն ավելի վաղ մեղադրում էր դիտորդներին իրադրությունը ոչ օբյեկտիվ ներկայացնելու համար: ԱՊԼ առաքելության խնդիրն է հետևել, թե ինչպես է Սիրիան կատարում լիգայի առաջարկած՝ հակամարտության կարգավորման պայմանները: Միջազգային հանրությունը, մասնավորապես՝ Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, բազմիցս կոչ են արել Սիրիայի իշխանությիուններին դիտորդների համար ստեղծել աշխատանքային բոլոր պայմանները:
Սիրիայում կառավարական զորքերի և ընդդիմության միջև պայքարը շարունակվում է 2011 թ. մարտից: Մինչ այժմ, ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն, զոհվել է ավելի քան 5000 մարդ:











































