«Կա մի խավ, որը կարողանում է իրեն թույլ տալ Ամանորին Հայաստանում հանգստանալ, ու այդ խավը գնալով մեծանում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ շեշտելով, որ այդ օրերին արձանագրվել է ներքին տուրիզմի աճ:
Հ. Հակոբյանի խոսքով` Ամանորին նորմալ վայրում հանգստանալու համար 4-5 հոգանոց փաթեթի գները տատանվել են 2-3 հազար դոլարի սահմաններում, իսկ արտասահմանյան փաթեթների գները՝ շուրջ 5 հազար դոլարի: Չնայած մեր երկրի հանգստավայրերի թանկությանը` Ամանորին բոլոր հյուրանոցները լիքն էին: Հյուրանոցների ասոցիացիայի նախագահը չի կարծում, թե Վրաստանում զբոսաշրջիկն ավելի քիչ փող է ծախսում. «Թբիլիսիում Նոր տարվա օրերին 200 դոլարից պակաս նորմալ հյուրանոցային սենյակ չի եղել»:
Տուրօպերատորների ասոցիացիայի հիմնադիր անդամ Մարինե Կպրյանի խոսքով` այսօր պահանջարկն ավելի մեծ է, քան առաջարկը, դրա համար էլ գինը բարձր է, բայց ձևավորվում է շուկա, կկառուցվեն նոր հյուրանոցներ, կառաջանա մրցակցություն, ինչը կբերի գների որոշակի անկման:
«Օտարերկրացիների կողմից չի նկատվում ՀՀ-ում Ամանորն անցկացնելու միտում, սակայն դա ուրիշ խնդիր է: Պատճառն այն է, որ չեն առաջարկվում համապատասխան հետաքրքիր միջոցառումներ, և արտերկրում Հայաստանը չի գովազդվում»,- նշեց Մ. Կպրյանը:









































