Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկ հրապարակել է ադրբեջանցի 4 ընդդիմադիրների գործի վերաբերյալ իր որոշումը։ Խոսքը 2005 թվականի խորհրդարանական ընտրություններում 4 թեկնածուների մասին է՝ «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլի, «Մուսավաթ» կուսակցության ապարատի ղեկավար Արիֆ Գաջիլի, «Այդընլար» կուսակցության նախագահ Գուլամհուսեին Ալիբեյլի և «Դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլու։
ՄԻԵԴ-ն ընդունել է, որ 2005 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակաշրջանում խախտվել են նրանց իրավունքները, ինչի համար ադրբեջանական իշխանությունները պետք է փոխհատուցում վճարեն. Քերիմլիին պետք է վճարվի 20,000 եվրո՝ նյութական և 7500 եվրո՝ բարոյական վնասի համար, ինչպես նաև 3000 եվրո՝ իրավաբանական ծառայությունների համար։
Ալիբեյլիին պետք է վճարվի 7500 եվրո՝ պատճառված բարոյական վնասի համար և 3000 եվրո՝ իրավաբանական ծառայությունների համար։ Ինչ վերաբերում է մնացյալ երկու ընդդիմադիր նախկին թեկնածուներին, ապա նրանցից յուրաքանչյուրը ստանալու է 7500 եվրո փոխհատուցում՝ բարոյական վնասի համար և 1600 եվրո՝ իրավաբանական ծառայությունների համար։
Նշվում է, որ ՄԻԵԴ-ը 2005 թվականին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ քննել է 15 նմանատիպ գործ։







































