Marca-ն տեղեկացնում է, որ «Ֆերրարի»-ի նոր բոլիդի առաջին նախամրցաշրջանային փորձարկումները կկատարի թիմի բրազիլացի ավտոարշավորդ Ֆելիպե Մասսան: Փորձարկումները տեղի կունենան փետրվարի 7-ին` Իսպանիայի Խերես քաղաքում:
Ավելի վաղ հայտնվել էր տեղեկատվություն, որ «Ռեդ Բուլլ»-ի նոր բոլիդը առաջինը կփորձարկի Մարկ Ուեբբերը: Marca-ն նաև հաղորդում է, որ «Ֆերրարի»-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն և «Ռեդ Բուլլ»-ի պիլոտ Սեբաստիան Ֆետտելը մրցուղում կհանդիպեն փետրվարի 9-ին` փորձարկումների երրորդ օրը:
Հիշեցնենք, որ Ֆերնանդո Ալոնսոն իր արձակուրդը գրեթե ամբողջությամբ անցկացրել է Իտալիայում, որտեղ օգնել է իր թիմին` պատրաստելու նոր բոլիդը: Անցած մրցաշրջանի ընթացքում Ֆերնանդոն բազմիցս նշել էր, որ «Ֆերրարի»-ի անմրցունակ մեքենան պիլոտներին սխալվելու հնարավորություն չի տալիս:








































