«Ժառանգություն» կուսակցությունը դեռևս չի որոշել՝ ինչ կարգախոսներով և ուղերձներով է գնալու 2012-ի խորհրդարանական ընտրություններին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
«Մենք ունենք մեր աշխատանքային ուղերձները, որոնք հղել ենք այս տարիների ընթացքում: Ոմանք մտածել են, որ դրանք նախընտրական ուղերձներ են: Իրականում դրանց նպատակները հայտնի են, և դրանք զուտ աշխատանքային են: Թե ինչպիսին կլինեն «Ժառանգության»՝ կոնկրետ նախընտրական կարգախոսները, դա ապագայի որոշելիք հարց է, ընդ որում՝ շատ շուտ որոշելիք, քանի որ սպասվում է կուսակցության արտահերթ համագումարը»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով հանրահավաքային մշակույթին և ընտրություններից առաջ հանրահավաքների արդյունավետությանը՝ Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ զանգվածային հավաքները քաղաքական ուժերի՝ ընտրողներին դեպի իրենց գրավելու զինանոցի գործիքներից մեկն են: «Ինչքանով են հանրահավաքներն ամենաազդեցիկ գործիքներից, չեմ կարող ասել»,- նկատեց պատգամավորը:








































