Թուրքական Internet Haber կայքի փոխանցմամբ, Թուրքիայի երկրորդ խոշոր ընդդիմադիր ուժ համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին կուսակցական ժողովի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին (2008-2010) պետ, բանակի պաշտոնաթող գեներալ Իլքեր Բաշբուղի կալանավորմանը.
«Մի՞թե նա ահաբեկիչ է, իսկ մեր ժողովուրդը տեղյակ չէ այդ մասին։ Եթե Իլքեր Բաշբուղն ահաբեկիչ է, ապա այդ դեպքում ով է Իմրալը կղզում պահվող մարդը (նկատի է առնվում 1999 թվականից այնտեղ ցմահ ազատազրկում կրող PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանը.- 1in.am) և ինչո՞ւ է նա պահվում այնտեղ։ Մի՞թե Բաշբուղին էլ են ուղարկելու Իմրալըի բանտ։
Այդ կալանքը կարևոր իրադարձություն է ցանկացած տեսանկյունից։ Բաշբուղին ներկայացված մեղադրանքներն անտրամաբանական են։ Խիղճ ունեցող յուրաքանչյուր անձ չի համաձայնի դրանց հետ։ Իմ հարցը հետևյալն է. եթե Բաշբուղը ստեղծել և ղեկավարել է ահաբեկչական խմբավորում, ապա որտե՞ղ են դրա անդամները։ Մի՞թե օգոստոսի 30-ին գլխավոր հրամանատարի կարգավիճակով շնորհավորանքներ ընդունող նախագահ Աբդուլլահ Գյուլը չի հասկացել, որ սեղմում է ահաբեկչի ձեռքը»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Թուրքիայում նշում են (Մուսթաֆա Քեմալի կողմից 1922 թվականին հույների դեմ տարած) Հաղթանակի և Զինված ուժերի տոնը։






































