France-Presse գործակալության փոխանցմամբ՝ Իրանում խլեցվում է կատարյան Al Jazeera հեռուստաալիքի ազդանշանը։ Arabsat արբանյակային հեռուստաընկերության օպերատորն այսօր հայտարարել է, որ Իրանի տարածքում դա արվում է երկու կետից։
Դրանցից մեկը գտնվում է Թեհրանի մոտ, իսկ մյուսը՝ երկրի հյուսիս-արևմուտքում ընկած Մերագե քաղաքի մոտ։ Օպերատորի խոսքերով՝ Իրանի նմանատիպ արձագանքը միայն ամրագրում է Իրանի տարածքում Al Jazeera-ի շուրջօրյա հեռարձակման վերաբերյալ Arabsat-ի ձգտումը։ Հունվարի 8-ին օպերատորը փոփոխել էր Al Jazeera-ի հեռարձակման հաճախականությունները։
Նշվում է, որ ավելի վաղ Al Jazeera-ն քննադատության էր արժանացել արաբական մի շարք երկրների ներկայացուցիչների կողմից, որոնց դուր չէր եկել այն, որ հեռուստաալիքն իր եթերային ժամի զգալի մասը նվիրել էր նախորդ տարեսկզբից արաբական աշխարհում սկիզբ առած ժողովրդական հուզումներին։
2011 թվականի հունվարի 30-ին Al Jazeera-ի հեռարձակումը կասեցվել էր Եգիպտոսում, քանի որ նա սկսել էր լուսաբանել նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ սկսված զանգվածային ցույցերը։ Արդեն փետրվարին կատարյան հեռուստաալիքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենց ազդանշանը Լիբիայում շրջափակել է Մուամար Քադաֆիի կառավարությունը։
Ապրիլին էլ Սիրիայում էր դադարեցվել Al Jazeera-ի հեռարձակումը, քանի որ նա սկսել էր ցուցադրել նախագահ Բաշար Ալ-Ասադի հակառակորդների կողմից բջջային հեռախոսներով կատարած նկարահանումները։











































