Ցանկացած կուսակցություն, որը կարծում է, որ կարող է հաղթահարել ընտրական շեմը և հաջողության հասնել, առավել նպատակահարմար է, որ ընտրություններին մասնակցի որպես առանձին ուժ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին միայնակ մասնակցելու հնարավորությանը:
«Ցանկության դեպքում նման կուսակցությունը կարող է ոչ թե միանալ ուրիշ ուժերի, այլ դրանք իրեն միացնել՝ ուժեղացնելով իր դերակատարությունն ու կշիռը: Այս իմաստով ԲՀԿ-ն քաղաքական դաշտում կարող է հանդես գալ որպես առանձին դերակատար՝ հաշվի առնելով նրա նախկին փորձը»,- նկատեց քաղաքագետը:
Պատասխանելով հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ին առանձին մասնակցության դրդի, Ալեքսանդր Մարկարովը նշեց. «Քոչարյանի գործոնն առայժմ չի քննարկվում, տվյալ պարագայում մենք չենք խոսում առանձին անձերի մասին, մենք ավելի շուտ խոսում ենք կուսակցության մասին, որը որոշակի ծրագրեր և նպատակներ ունի: Գալիք խորհրդարանական ընտրություններին ինքուրույն մասնակցել ԲՀԿ-ին կարող են դրդել սեփական քաղաքականության, քաղաքական այդ ուժի ղեկավարների գործելաոճը: Ելնելով ԲՀԿ-ի դիրքորոշումներից՝ կարելի է նշել, որ այն կարող է առանձին մասնակցել ընտրություններին»,- ամփոփեց Ալեքսանդր Մարկարովը:









































