Թատերական դաշտը արդեն 20 տարի է, ինչ մեկ վեր, մեկ վար է, մեկ տափակ, մեկ կլոր, մեկ սուր, մեկ բութ, և ցավոք, չի դառնում հանուրի սիրելին, որովհետև մշակութային դաշտը հոգևոր, ստեղծագործական պետք է լինի: Իսկ այս սպառողական հասարակությունում բնական է, որ մշակութային դաշտը վերուվար վիճակում պետք է լինի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով թատերական դաշտի ներկայիս վիճակի մասին, ասաց կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը:
Նրա խոսքով, ժամանակն է լրջանալու, խոհեմանալու, բայց մենք դեռ հա հահա-հիհիով մեր ժողովրդին տափակ-անհամ անեկդոտներ ենք հրամցնում: «Չէ՞ որ այս ավերածությունը, կայսրության փլուզումը մտածված էր դեռ 1946-ից` ինչպես անել, որ փլուզվեն խորհրդային պետությունները, զրկել վերջիններիս ազգային արժեքներից, ազգային երևելի դեմքերին պարսավել, խայտառակել: Եվ այդպես էլ շարունակվեց, այնինչ կարծում էի` առաջին տասը տարին պետք է բավարար լիներ, բայց մինչ օրս այդ ամենը շարունակվում է, ու մեր հասարակությունը չի լրջանում»,- մտահոգություն հայտնեց դերասանը` նշելով, որ ժամանակի ընթացքում մեր հասարակությունը դարձել է քաղքենի, օտարամոլ, չի ճանաչում իրեն ու իր մշակութային արժեքները:
Ա. Գասպարյանի խոսքով, հիմա մեր հասարակությունը բավարարվում է միայն այդ անհամություններով, որը տարածված է մեր հեռուստաեթերով, որոշակի ներկայացումներում ու մեր էստրադային բեմահարթակներում:










































