Օրերս ՌԴ Դաշնային խորհրդում տեղի է ունեցել քննարկում, որտեղ խոսվել է ինտերնետ անվտանգության հարցերի վերաբերյալ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ անհրաժեշտ է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել Ինտերնետում տեղեկատվական անվտանգության ապահովման համար: Այդ հարցի լրջությունն ակներև դարձավ, ըստ Բորդյուժայի, վերջերս Մոսկվայում և Մինսկում տեղի ունեցած բախումների ժամանակ: Երկու դեպքում էլ ինտերնետը ոչ այնքան տեղեկատվական հարթակ էր, այլ բախումների համակարգման միջոց,- ասել է նա:
Եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսում է ինտերնետ անվտանգության մասին, նշանակում է՝ վերևներից հրաման կա: Եվ պատահական չէ, որ խոսվեց ոչ միայն Մոսկվայի, այլ նաև Մինսկի դեպքերի մասին, ինչից կարելի է եզրակացնել, որ ՀԱՊԿ անդամ երկրներում ինտերնետ սահմանափակումներն անխուսափելի են` հատկապես Հայաստանի ժողովրդավարության համար բխող բոլոր բացասական հետևանքներով: