«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը չի բացառում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խրհրդարանական ընտրություններին միայնակ հանդես գալու պարագայում փորձ անի ինչ-ինչ տեխնոլոգիաների կիրառմամբ ընդդիմադիր ընտրազանգվածին իր կողմը գրավել: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մինչև այժմ իշխանության մեջ է եղել և իշխանությունից ոչ մի կերպ չի հրաժարվում: Եթե նա ընտրությունների ժամանակ հանդես է գալու որպես իշխանական ճամբարի ներկայացուցիչ, բնականաբար, ընդդիմությունն իշխանության դեմ է պայքարելու. դա դասական օրինաչափություն է: Ի՞նչ տարբերություն՝ իշխանությունն ինչ կերպ է ձևավորվում՝ միասնական ցուցակով, թե առանձին մի քանի կուսակցությունների միջոցով. դա բացարձակապես կապ չունի»,- նկատեց նա:
Հարցին ի պատասխան՝ եթե ԲՀԿ-ն որոշի առանձին մասնակցել ընտրություններին և սկսի աշխատել ընդդիմադիր ընտրազանգվածը դեպի իրեն գրավելու վրա, ինչպիսի՞ քայլեր կձեռնարկի կոնկրետ «Ժառանգությունը», Արմեն Մարտիրոսյանը նկատեց. «Մենք ընդհանրապես որևէ խաղ չենք խաղում, մենք հստակ դիրքորոշում ենք ներկայացնում և, բնականաբար, մեր ընտրողներին բացատրելու ենք՝ որ քաղաքական ուժն ինչպիսի գործունեություն է ծավալելու ապագայում: Թող ընտրողներն իրենք կողմնորոշվեն, թե որ քաղաքական ուժն ինչպիսի նպատակներ ունի: Մենք որևէ մեկի դեմ չենք աշախատելու, աշխատելու ենք մեզ համար: Ընդդիմությունն աշխատելու է սեփական հաղթանակի համար: Կոնկրետ «Ժառանգություն»00 կուսակցությունն ունի իր հստակ ծրագրերը և աշխատելու է այդ ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ»:
Նա նաև համոզմունք հայտնեց, որ իրենց ընտրազանգվածը բավական կայուն է և ընտրությունների ժամանակ չի դավաճանի: «Մեր կուսակցությունը հստակ քաղաքական ուղղվածություն ունի, չկա որևէ բիզնես-միջավայրում և իր գործունեությունն այսքան ժամանակ ծավալել է բացառապես քաղաքացու շահերը ներկայացնելու ոլորտում: Քաղաքացիներն իրենց հերթին միշտ էլ տեսել են, թե իրենց կողքին ով է կանգնած եղել, ուստիև մեր խնդիրը լինելու է ոչ թե ինչ-որ մեկի դեմ պայքարելը, այլ մեր ծրագրերը շարունակելը»,- նշեց Մարտիրոսյանը:











































