ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Հորմուզի նեղուցի շրջանում Իրանի ռազմածովային ուժերի ակտիվացումը մտահոգություն է առաջացրել Արևմուտքի երկրներում, որոնք մեծապես կախված են Պարսից ծոցի տարածաշրջանի նավթի մատակարարումներից։
«Ուժի ցուցադրության» համար նախ Պարսից ծոցում իրանական ռազմածովային զորավարժությունների շրջան ուղարկվեց ամերիկյան «Ջոն Սթենիս» ավիակիրը՝ իր ուղեկցող ռազմանավերի հետ, ինչն ավելի սրեց տարածաշրջանում առկա լարվածությունը։
Այժմ էլ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարություն է հայտարարել, որ Պարսից ծոց է ուղարկում «Դերինգ» էսկադրոնային ականակիրը։ Վերջին սերնդի այդ ռազմանավը հագեցած է ռադարային հայտնաբերման կանխման միջոցներով։ «Դերինգ» էսկադրոնային ականակիրը զինված է ժամանակակից ռադարային համակարգով և PAAMS տիպի զենիթա-հրթիռային կոմպլեքսով։ Այն օժտված է նախորդ սերնդի նավի համեմատ 5 անգամ ավելի արդյունավետ ձևով թշնամական հրթիռներն ու մարտական ինքնաթիռները հայտնաբերելու և ոչնչացնելու հնարավորություններով։
Լոնդոնն իր այս քայլը բացատրում է տվյալ տարածաշրջանում կենտրոնացած իր ռազմանավերի պլանային փոփոխմամբ։ «Դերինգ» էսկադրոնային ականակիրը Պարսից ծոցում փոխարինելու է «Սոմերսեթ» ֆրեգատին, որի առաջադրանքը ահաբեկչական ու ծովահենային հարձակումներին դիմագրավելն է։ Նշվում է, որ ներկայիս դրությամբ Պարսից ծոցի տարածաշրջանում են գտնվում բրիտանական 9 ռազմանավեր։
Հիշեցնենք, որ 3 օր առաջ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարեց, որ դեմ է Իրանին ռազմական հարված հասցնելուն։









































