Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին կոչ է արել Եվրամիությանը թույլ չտալ ձախողել ճգնաժամից դուրս գալու քայլերը: Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ միասնական արժույթի փլուզումը կարող է հանգեցնել «անկանխատեսելի անկայունության»:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդների հանդիպումը կայացել է Փարիզում՝ մեկ այլ հանդիպման նախօրեին. հունվարի 9-ին նրանք Բեռլինում պետք է բանակցություններ վարեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Փորձագետները նշում են, որ ԵՄ 3 խոշորագույն տնտեսությունների առաջնորդները «չափազանց նման կարծիքներ» ունեն՝ կապված ճգնաժամից դուրս գալու հետագա քայլերի հետ:
«Այժմ հիմնական վտանգը ԵՄ անդամ երկրների ղեկավարների և ժողովուրդների միջև անհամաձայնությունների առաջացումն ու ընդլայնումն է»,- հայտարարել է Մոնտին:
«Մենք իրավունք չունենք լքել Եվրոպային, մենք իրավունք չունենք թույլ տալ, որ եվրոն փլուզվի: Միասնական արժույթը Եվրոպայի սիրտն է»,- իր հերթին մեկնաբանել է Սարկոզին տիրող իրավիճակը՝ կապված որոշ երկրների՝ եվրոյից հրաժարվելու մտադրությունների հետ:










































