Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում մինչև հունվարի վերջը քվեարկության դնելը պայմանավորված է բացառապես ներքին գործոնով՝ այդ երկրում կայանալիք նախագահական ընտրություններով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այդ պաշտոնում վերընտրվելու հետ կապված լուրջ խնդիր ունի: Նրա վարկանիշը բավական նվազել է, և նմանօրինակ օրինագծի ընդունումը կարևոր գործոն է: Սարկոզին շատ լավ հասկանում է, որ թուրքերից որևէ սպասելիք չունի, դրա համար էլ այս հարցում հակադրվում է Թուրքիային, մինչդեռ հայ համայնքի ձայները գալիք նախագահական ընտրությունների ժամանակ նրա համար խիստ կարևոր են լինելու»,- նկատեց քաղաքագետը:
Բոզոյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը ֆրանսիական Սենատում ընդունվելու բավական մեծ հնարավորություններ ունի:
Նշենք, որ,չնայած անցած տարվա դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից օրինագծի ընդունմանը պաշտոնական Անկարայի կտրուկ հակազդեցությանը, ֆրանսիական կառավարության պաշտոնյաները տեղական լրատվամիջոցներին ասել էին, որ քվեարկությունը վերին պալատում կայանալու է։
Անցած ամիս Ազգային ժողովի հավանությանը արժանացած օրինագծով նախատեսվում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք սահմանել Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ժխտողների նկատմամբ։









































