Defense News գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը Պաշտպանական արդյունաբերության քարտուղարությանը (SSM) առաջին անգամ արտոնել է գնել ամերիկյան F-35 Lightning II տիպի երկու կործանիչներ։
Մոտ ժամանակներս համապատասխան պայմանագիր կստորագրվի SSM-ի և ամերիկյան Lockheed Martin ընկերության միջև։ Ակնկալվում է, որ ամերիկյան այդ ընկերությունը F-35 Lightning II տիպի երկու կործանիչները Թուրքիային կհատկացնի 2015 թվականին։
Սրանով իսկ Թուրքիան պաշտոնապես հաստատեց ամերիկյան կործանիչներ գնելու մտադրությունը։ Թուրքիան F-35-ի մշակման ծրագրի մասնակից 9 երկրներից մեկն է։ Ընդհանուր առմամբ այդ երկիրը պլանավորել է գնել 115 հատ F-35։
Հիշեցնենք, որ Թուրքիան նախորդ տարվա մարտին դադարեցրել էր ամերիկյան կողմի հետ F-35 կործանիչների գնման շուրջ բանակցությունները, քանի որ ԱՄՆ-ը հրաժարվել էր Թուրքիային տրամադրել այդ ինքնաթիռների ծրագրային ապահովման ծածկագրերը, առանց որոնց Թուրքիան չէր կարող դրանցում տեղակայել սեփական արտադրության սպառազինություն և սպասարկել դրանք։
Ներկայում հայտնի չէ՝ ամերիկյան կողմը համաձայնե՞լ է արդյոք տրամադրել այդ ծածկագրերը։ Թուրքիան մտադիր է մինչև 16 միլիարդ դոլար ծախսել դրանք գնելու համար։









































