Ամերիկյան ինքնաթիռաշինությամբ զբաղվող Boeing ընկերությունը մինչև 2013 թվականի վերջը փակելու է Քանզաս նահանգի Ուիչիտո քաղաքում գտնվող գործարանը, որը զբաղվում է ռազմական նշանակության պահեստամասերի արտադրությամբ:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ընկերությունը մտադիր է զգալիորեն կրճատել ծախսերը, քանի որ Պենտագոնի ռազմական պատվերները մոտ ապագայում պետք է նվազեն բյուջետային միջոցների տնտեսական ծրագրերի պատճառով:
Ուիչիտոյի գործարանը զբաղվում է ամերիկյան ռազմաօդային ուժերի ծանր օդանավերի, այդ թվում նաև B-52 ռմբարկուների և KC-46 լցավորող սարքավորումների տեխնիկական հագեցվածությամբ:
Աշխատատեղերի կրճատումը սկսվելու է երրորդ եռամսյակում: Մինչ այդ Boeing-ն արտադրելու է մի քանի միլիարդ դոլար արժողությամբ արտադրանք: Ավելի ուշ KС-46-ի մասերի աշխատանքները տեղափոխվելու են Վաշինգտոն նահանգ, իսկ մնացածը` Թեքսաս և Օկլահոմա:
Քանզաս նահանգի իշխանություններն արդեն քննադատել են ընկերության որոշումը` այն անվանելով պայմանավորվածության խախտում, որը ընկերությունը կնքել էր նահանգի հետ:











































