Սիրիայի իշխանությունները հինգշաբթի ազատ են արձակել 552 մարդու, որոնք ձերբակալվել էին հակակառավարական ցույցերի ժամանակ:
Ինչպես հայտնում է սիրիական պետական Syria հեռուստաընկերությունը, ազատ են արձակվել նրանք, որոնց ձեռքերը թաթախված չեն սիրիացիների արյան մեջ:
Սա առաջին դեպքը չէ, որ Սիրիայի իշխանությունները բանտերից ազատ են արձակում հակակառավարական ցույցերի ժամանակ ձերբակալվածներին: Այսպես, 2011 թվականի դեկտեմբերի 28-ին ազատ արձակվեց 755, իսկ նոյեմբերին` 2645 մարդ:
Զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների ազատ արձակումը ընդդիմության հիմնական պահանջներից մեկն է: Ինչպես հայտարարում են ընդդիմության ներկայացուցիչները, առանց դրա անհնար է բանակցություններ սկսել և ճգնաժամը կարգավորել:
Այս քայլը նաև նախատեսում է Արաբական պետությունների լիգայի առաջարկած նախագիծը: ԱՊԼ դիտորդներն արդեն երկրորդ շաբաթն է աշխատում են Սիրիայի մի շարք շրջաններում, որտեղ իրավիճակն առավել լարված է:









































